Սիրիայի նոր իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում Ռուսաստանը գրեթե հասել է այդ երկրի տարածքում երկու ռուսական ռազմակայանները պահպանելու վերաբերյալ համաձայնությանը, հայտնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով քննարկումներին ծանոթ աղբյուրներին։
Համաձայնագիրը Կրեմլին թույլ կտա Խմեյմիմում պահպանել ավիաբազան, իսկ Տարտուսում՝ նավահանգիստը։
Պարբերականի ռուս զրուցակիցներից մեկի խոսքերով՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում կարծիք կա, որ «ոչ պաշտոնական փոխըմբռնում» կա «Հայաթ Թահրիր ալ-Շամ» կազմավորման հետ այն մասին, որ ռուսական ուժերը կարող են մնալ Սիրիայի ռազմակայաններում։ Միաժամանակ, աղբյուրն ընդգծել է, որ իրավիճակը դեռ կարող է փոխվել՝ հաշվի առնելով Սիրիայում անկայուն իրավիճակը։
Bloomberg-ի հրապարակումից հետո ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը լրագրողներին հայտնել էր, որ Մոսկվան ուղիղ կապ է հաստատել «Հայաթ Թահրիր ալ-Շամի» քաղաքական կոմիտեի հետ։ Նրա խոսքով՝ ՌԴ դեսպանատան դիվանագետները հանդիպել են կազմավորման ներկայացուցիչների հետ եւ քննարկել Սիրիայում դիվանագիտական առաքելությանը եւ Ռուսաստանի քաղաքացիների անվտանգությանը առնչվող հարցեր։ Բոգդանովը նաեւ հավելել էր, որ Մոսկվան է իշխանափոխությունից հետո պահպանել իր ռազմակայանները Սիրիայի տարածքում։
Դեկտեմբերի 9-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դեռ վաղ է խոսել Խմեյմիմում եւ Տարտուսում ռուսական բազաների պահպանման մասին։
«Ամեն դեպքում, այս ամենը քննարկման առարկա է նրանց հետ, ովքեր Սիրիայում կստանձնեն իշխանությունը։ Այժմ տեսնում ենք, որ տրանսֆորմացիայի, ծայրահեղ անկայունության շրջան է։ Ուստի ժամանակ կպահանջվի։ Եվ հետո լուրջ խոսակցություն կպահանջվի իշխանավորների հետ»,- ասել էր Պեսկովը։