Իսրայելի պաշտպանության բանակը կարծում է, որ Մերձավոր Արեւելքում Թեհրանի աջակցությունը ստացող խմբավորումների թուլացումից եւ Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո հնարավորություն է ստեղծվել հարվածելու Իրանի միջուկային օբյեկտներին։ Այդ մասին հայտնում է The Times of Israel-ը՝ հղում կատարելով ռազմական աղբյուրներին։
Պարբերականի համաձայն՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակում են բարձրացնել մարտունակությունը եւ նախապատրաստվել Իրանի միջուկային օբյեկտներին հնարավոր հարվածներին։
The Times of Israel-ի զրուցակիցները կարծում են, որ Իրանի մեկուսացումը կարող է այդ երկրին ստիպել հետագայում էլ ավելի զարգացնել իր միջուկային ծրագիրը՝ նպատակ ունենալով փոխելու զսպման միջոցները։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն ավելի վաղ հայտարարել էր, որ Իսրայելի ռազմածովային ուժերը դեկտեմբերի 9-ի երեկոյան իրականացրած գործողության ընթացքում ոչնչացրել են սիրիական նավատորմը։ The Times of Israel-ը գրում է, որ Իսրայելը այդ գործողությունների ընթացքում ոչնչացրել է սիրիական հակաօդային պաշտպանության 86%-ը, ինչը որոշակի ազատություն է ստեղծում իսրայելական ինքնաթիռների դեպի Իրան թռչելու համար։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Իրանը զանգվածային հրթիռային հարվածներ հասցրեց Իսրայելին՝ ի պատասխան ՀԱՄԱՍ եւ «Հեզբոլլահ» շարժումների, ինչպես նաեւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավար կազմի առանցքային անձանց սպանությունների։ Իսրայելի Գլխավոր շտաբը խոստացել էր պատասխան հարված հասցնել։ Իր հերթին Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդն էլ նախազգուշացրել էր, որ իր երկրի պատասխան հարվածները Իսրայելին այդ դեպքում կլինեն ավելի լայնամասշտաբ։
Այնուամենայնիվ, հոկտեմբերի 26-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց Իրանում տեղակայված ռազմական օբյեկտներին օդային հարվածներ հասցնելու մասին, որը, ըստ բանակի հաղորդագրության, իրականացվել է ի պատասխան «բազմաթիվ շարունակական հարձակումների»։ Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը հայտարարեցին, որ հարձակման էին ենթարկվել Իլամ, Թեհրան եւ Խուզեստան նահանգներում տեղակայված ռազմական օբյեկտները, սակայն վնասը շատ մեծ չի եղել, իսկ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը կարողացել են հաջողությամբ կասեցնել հիմնական հարվածը։ Ավելի ուշ Իրանի բանակն էլ տեղեկացրեց, որ հարվածների հետեւանքով զոհվել է առնվազն չորս իրանցի զինծառայող։