Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը չի մասնակցի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը, հայտնում է CBS News-ը՝ հղում կատարելով ՉԺՀ ղեկավարի ծրագրերին ծանոթ աղբյուրներին։
Ակնկալվում է, որ արարողությանը, որը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 20-ին, կմասնակցեն Չինաստանի դեսպանն ու նրա կինը, ինչը համարվում է ստանդարտ պրակտիկա։ Նրանց կարող են միանալ այլ չինացի պաշտոնյաներ, բայց ոչ Սի Ծինփինը:
Չինաստանի ղեկավարին ուղղված հրավերը, որը փոխանցվել է ոչ դիվանագիտական խողովակներով, «զարմացրել է ինչպես Պեկինին, այնպես էլ ԱՄՆ դաշնակիցներին», նշում է CBS News-ը։
«Չինացի պաշտոնյաները, որոնք սովոր էին խիստ արձանագրություններին եւ քաջատեղյակ էին ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների դինամիկային, շարունակում էին տարակուսած մնալ Թրամփի մտադրությունների վերաբերյալ»,- գրում է գործակալությունը:
Ո՛չ Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը, ո՛չ էլ Թրամփի թիմը չեն պատասխանել մեկնաբանության համար լրագրողների ուղարկած հարցումներին։
Հիշեցնենք, որ CBS-ն ավելի վաղ հայտնել էր, որ Թրամփը Սի Ծինփինին երդմնակալության արարողությանը հրավերն ուղարկել էր դեռ նոյեմբերի սկզբին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելուց անմիջապես հետո։