Գյումրիում քաղաքական իրադարձությունները զարգանում են շատ արագ: Շիրակի մարզը նոր տարին կդիմավորի նոր քաղաքապետի պաշտոնակատարով եւ նոր մարզպետով:
Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած նախնական ընտրությունների արդյունքներով քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար ընտրվեց, շուրջ երկու տարի պաշտոնավարած Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ազատման դիմում գրեց: Թե ինչու Մուրադյանը որոշեց հրաժարվել մարզպետի պաշտոնից, ոչ ոք չիմացավ, ավելին՝ անգամ վարչապետը ոչ մի ակնարկ չարեց դրա պատճառների մասին:
Որ Շիրակի մարզպետին պաշտոնանկություն էր սպասում, խոսակցություններն ավելի վաղ էին տարածվել, մի քանի օր առաջ էլ հաստատվել էր, երբ վարչապետը խիստ նկատողության էր արժանացրել Մուրադյանին Վահրամաբերդ գյուղի դպրոցի դասարաններից մեկը վահրամաբերդցի զինվորականի անունով անվանակոչելու համար: Հասարակությանն այս պատճառաբանությունը համոզիչ չթվաց, բայց թեման այսքանով փակվեց:
Վարչապետն այսօր արդեն հայտարարեց, որ մարզպետի պաշտոնում առաջադրել է փրայմըրիզի արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուին՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանին: Ըստ վարչապետի՝ այս նշանակումը փաստում է, որ իր կայացրած որոշումներում մեծ տեղ է տալիս ժողովրդի կարծիքին: Նա նաեւ կատակով հավելեց, որ խոսակցություններ են պտտվում, թե Շիրակի մարզում մարզպետի պաշտոնն էլ է ընտրովի դարձել:
Մինչ Գյումրու համայնքապետարանում կներկայացնեին համայնքի նորընտիր քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարին՝ Սարիկ Մինասյանին, ՀՀ վարչապետը նախնական ընտրություններին մասնակցած բոլոր յոթ թեկնածուների ներկայությամբ պաշտոնապես հաստատեց նշանակման մասին. «Մեր սիրելի գյումրեցիներն իրենց քվեարկությամբ կանխորոշեցին նաեւ Գյումրու ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առնվազն առաջատար հատվածը»:
Գյումրու քաղաքապետի ընտրությունը կկայանա 2025 թվականի մարտի վերջին, իշխանության թեկնածուն էլ, ամենայն հավանականությամբ, կլինի ժամանակավոր պաշտոնակատարը՝ այժմ անկուսակցական, «Լուսավոր Հայաստան»-ի ցուցակով նախկին պատգամավոր, Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի ղեկավար Սարիկ Մինասյանը:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։