Նյու Դելիում նախօրեին տեղի են ունեցել Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ ձեւաչափով երկրորդ խորհրդակցությունները: Այդ մասին հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը։
Խորհրդակցությունները հնդկական կողմից վարել է Հնդկաստանի ԱԳՆ Պակիստանի, Աֆղանստանի եւ Իրանի տարածքային գլխավոր վարչության պետ Ջ. Պ. Սինգհը: Հայաստանի պատվիրակությունը գլխավորել էր ՀՀ ԱԳՆ Ասիայի եւ խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ Անահիտ Կարապետյանը, իսկ իրանականը՝ ԻԻՀ ԱԳՆ Հարավային Ասիայի գլխավոր վարչության պետ Հաշեմ Աշջազադեն:
«Հիմնվելով 2023 թվականի ապրիլին Երեւանում կայացած նախորդ եռակողմ խորհրդակցությունների արդյունքների վրա՝ կողմերը քննարկել են հաղորդակցային ուղիների նախաձեռնություններին, բազմակողմ հարթակներում ներգրավվածությանն ու տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։ Նախանշվել են նաեւ առեւտրի, զբոսաշրջության եւ մշակութային փոխանակումների խթանման, մարդկանց միջեւ շփումների ամրապնդման ուղիները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ խորհրդակցությունների ընթացքում պատվիրակություններն ընդգծել են «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC) շրջանակում սերտ համագործակցության խթանման անհրաժեշտությունը՝ այդ համատեքստում կարեւորելով իրանական Չաբահար նավահանգստի դերը:
Քննարկումների ընթացքում հայկական կողմը մասնակիցներին ներկայացրել է հաղորդակցային ուղիների վերաբերյալ իր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Հաղորդագրության համաձայն` երեք կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակելու համագործակցությունը տվյալ ձեւաչափի շրջանակում։ Նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ եռակողմ խորհրդակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Իրանում՝ կողմերի միջեւ համաձայնեցված ժամկետում: