ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Ուկրաինային հատկացնում է 500 միլիոն դոլար օգնության եւս մեկ փաթեթ, որն «անհրաժեշտ է սպառազինությունների եւ սարքավորումների» համար։
Հայտարարության մեջ, որի գրավոր տեքստը տարածել է Պետքարտուղարությունը, նշվում է, որ նոր փաթեթը, ի թիվս այլ բաների, կներառի HIMARS ռեակտիվ հրթիռային կայանների համար նախատեսված զինամթերք, անօդաչու թռչող սարքերի հարձակումները հետ մղելու համար անհրաժեշտ տեխնիկա, 105 եւ 155 մմ հրետանային զինամթերք, HARM հակառադիոլոկացիոն բարձր արագության հրթիռներ, Javelin եւ AT-4 հակատանկային համակարգեր, բազմաֆունկցիոնալ մեքենաներ, նռնակներ, պայթեցման սարքավորումներ, քիմիական, կենսաբանական, ճառագայթային եւ միջուկային զենքից պաշտպանություն միջոցներ:
2024 թվականի դեկտեմբերի սկզբից ի վեր սա Ջո Բայդենի վարչակազմի կողմից Կիեւին տրամադրվող օգնության երրորդ փաթեթն է։ Դեկտեմբերի 3-ին ԱՄՆ-ը հայտարարեց Ուկրաինային 725 մլն դոլար, իսկ դեկտեմբերի 7-ին՝ եւս 988 մլն դոլար արժողության օգնության տրամադրման մասին։
The Wall Street Journal-ը գրում է, որ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո Բայդենի վարչակազմն արագացրել է Ուկրաինա ռազմական օգնություն ուղարկելու գործընթացները։ Սպիտակ տան պաշտոնյաները մտավախություն ունեն, որ նոր վարչակազմը կկրճատի մատակարարումները՝ փորձելով Ուկրաինային մղել անհավասար բանակցությունների։
Bloomberg-ը ամփոփելով գրում է, որ Ուկրաինային աջակցությունն ուժեղացնելու շրջանակում Բայդենն արդեն Կիեւին լիազորել է օգտագործել հեռահար ATACMS հրթիռները՝ Ռուսաստանի տարածքում տեղակայված թիրախները խոցելու համար, թույլատրել է հակահետեւակային ականների մատակարարումը, չեղարկել է 4,65 միլիարդ դոլարի վարկի կեսը եւ պատժամիջոցներ է սահմանել «Գազպրոմբանկի» նկատմամբ, որը, ըստ Վաշինգտոնի, Ռուսաստանն օգտագործում է ռազմական տեխնիկա գնելու համար։