ԱՄՆ-ը եւ Թուրքիան համաձայնության են եկել Սիրիայում ճգնաժամի կարգավորման եւ երկրի ապագայի շուրջ։ Այդ մասին հայտարարել է պաշտոնական այցով Անկարա ժամանած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Կարծում եմ, որ [ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ] լայն իմաստով համաձայնություն կա այն հարցում, թե ինչ կցանկանայինք տեսնել ապագայում Սիրիայում՝ սկսած ներառական եւ աշխարհիկ կառավարությունից»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպումից հետո։
Պետքարտուղարը հույս է հայտնել, որ Սիրիայի նոր իշխանությունները կհրաժարվեն իսլամական ահաբեկչական խմբավորումների հետ համագործակցելուց եւ վտանգ չեն ներկայացնի իրենց հարեւանների համար։
Բլինքենի խոսքերով՝ Սիրիայի ապագա կառավարության աշխատանքը պետք է ուղղված լինի, մասնավորապես, կանանց, ինչպես նաեւ էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը։ Նա նաեւ հույս է հայտնել, որ Սիրիայի նոր կառավարությունը թույլ կտա տարածքում քիմիական զենք որոնել եւ ոչնչացնել, եթե դրանք հայտնաբերվեն։
«Մենք կենտրոնացած ենք Սիրիայի վրա […] եւ խոսեցինք այն մասին, թե ինչպես Թուրքիան, Միացյալ Նահանգները եւ տարածաշրջանի մյուս գործընկերները կարող են աջակցել այդ ջանքերին [Սիրիան վերականգնելու համար]»,- ասել է Բլինքենը:
Թուրքիայի արտգործնախարարն էլ, հաստատելով, որ բանակցությունները վերաբերել են Սիրիային, հայտարարել է, որ քննարկվել է, թե ինչ կարելի է անել սիրիացի ժողովրդի համար ստեղծված իրավիճակում «հանուն երկրի միասնության, ամբողջականության, համերաշխության եւ ինքնիշխանության»։
«Մենք մանրամասն խոսեցինք այն մասին, թե ինչպիսին կարող է լինել Թուրքիայի, Ամերիկայի եւ տարածաշրջանային խաղացողների դերը դրանում, եւ ինչպես պետք է համագործակցենք։ Սա մեր առաջնահերթություններից է։ Հատկապես Սիրիայում կայունության արագ ապահովումը։ Մենք չպետք է թույլ տանք, որ ահաբեկչությունը տիրի Սիրիայում, եւ «Իսլամական պետությունը» եւ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» գերիշխեն այնտեղ»,- հայտարարել է Ֆիդանը։
Թուրքիայի արտգործնախարարի խոսքերով՝ քննարկվել է նաեւ Գազայի հատվածում անհապաղ հրադադարի հասնելու անհրաժեշտությունը։
Հիշեցնենք՝ նախօրեին CNN Turk-ը հայտնել էր, որ Ֆիդանը սպասվող հանդիպմանը պատրաստվում էր Բլինքենին ուղերձ փոխանցելու Սիրիայի հյուսիսում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (կառույցը Թուրքիայում ահաբեկչական է համարվում) ուժերի ներկայությանը վերջ տալու անհրաժեշտության մասին եւ զգուշացնելու, որ հակառակ դեպքում Թուրքիան ինքնուրույն միջոցներ կձեռնարկի տարածաշրջանն «ահաբեկիչներից մաքրելու համար»: