Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար Զիյա Ջեմալ Քադըօղլուի գլխավորած պատվիրակության հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «Հայաստանի վերազինումը բացասական ազդեցություն է թողնում տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման վրա»։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` Հասանովն այդ մասին հայտարարել է Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող օպերատիվ իրավիճակը ներկայացնելու համատեքստում։
Հաղորդվում է, որ հանդիպմանը քննարկվել են նաեւ վերջին շրջանում աշխարհում տեղի ունեցող հակամարտությունների համատեղ վերլուծության եւ ուսումնասիրության անհրաժեշտությունը, ինչպես նաեւ պատերազմի ժամանակակից մեթոդները։
Քննարկման մյուս թեմաները վերաբերել են ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանը։
Հիշեցնենք՝ նախօրեին նաեւ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւն էր հայտարարել, որ սահմանափակումներ պետք է կիրառվեն Հայաստանի ռազմական զարգացման նկատմամբ՝ պնդելով, որ պատմության ընթացքում «որոշակի սահմանափակումներ են կիրառվում օկուպացիոն եւ ագրեսոր երկրների ռազմական շինարարության, ռազմական ծրագրերի եւ բանակաշինության նկատմամբ»։