ՈՒԵՖԱ-ն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նկատմամբ տուգանքներ է սահմանել Հայաստան-Ֆարերյան կղզիներ ֆուտբոլային հանդիպման ժամանակ ճայթռուկներ պայթեցնելու եւ սպորտային միջոցառմանը ոչ պատշաճ պաստառներ պարզելու համար։ Այդ մասին ասվում է ՈՒԵՖԱ-ի որոշման տեքստում, որը հրապարակվել է կառույցի կայքէջում։
«Ճայթռուկների վառելու համար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել 20․000 եվրոյով եւ կարգադրել մասնակի փակել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզադաշտը (այսինքն՝ 500 նստատեղեր հարավային եւ հարավարեւելյան տրիբունաներում) ՈՒԵՖԱ-ի հերթական մրցումային հանդիպման ժամանակ, որում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես կգա որպես հյուրընկալող ասոցիացիա»,- ասվում է ՈՒԵՖԱ-ի որոշման տեքստում։
Դրանում նաեւ նշվում է, որ մարզադաշտի մասնակի փակումը կգործի երկու տարի փորձաշրջանով՝ սկսած որոշման հրապարակման օրվանից։
Բացի այդ` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կտուգանվի նաեւ 17․500 եվրոյով՝ մարզական միջոցառմանը ոչ պատշաճ հաղորդագրություն փոխանցելու համար։
Հիշեցնենք՝ Ֆարերյան կղզիների հավաքականի հետ հանդիպմանը կրած պարտությունից հետո Հայաստանի հավաքականի երկրպագուները դժգոհություն էին հայտնել ՀՖՖ-ի գործունեությունից եւ բողոքի ակցա կազմակերպել՝ պահանջելով կառույցի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։