ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի նախատեսում դեկտեմբերի 13-ին հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նշենք՝ Փաշինյանը Մոսկվա է մեկնել այսօր՝ դեկտեմբերի 13-ի առավոտյան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, որը կազմված է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Ռուսաստանի կառավարությունների ղեկավարներից եւ ապահովում է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի որոշումների կատարումը եւ վերահսկողությունը ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի կատարման նկատմամբ։
Պեսկովը նաեւ նշել է, որ Պուտինը Փաշինյանին հրավիրել է դեկտեմբերի 25-26-ը Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։
«Նախագահը հրավիրել է պարոն Փաշինյանին եւ, իհարկե, սպասում է նրան մյուս գործընկերների հետ Սանկտ Պետերբուրգում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։