Վրաստանի ընտրական կոլեգիան նոր նախագահի է ընտրել՝ նախկին ֆուտբոլիստ եւ պատգամավոր Միխեիլ Կղավելաշվիլիին, որի թեկնածությունը առաջադրել էր իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Այդ մասին հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Գիորգի Կալանդարիշվիլին։
ԿԸՀ-ի տվյալներով՝ Կղավելաշվիլիի թեկնածությանը կողմ է քվեարկել ընտրական կոլեգիայի 224 անդամ: Ընդհանուր առմամբ մասնակցել է 225 անդամ։ Կղավելաշվիլիի օգտին քվեարկելուց հրաժարվել է Աբխազիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր Ադա Մարշանիան։
Կղավելաշվիլին ծնվել է 1971 թվականի հուլիսին Վրաստանի Բոլնիս քաղաքում եւ չունի բարձրագույն կրթություն։ Նա ֆուտբոլի վետերան է։ Ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել Թբիլիսիի «Դինամոյում», Վլադիկավկազի «Ալանիայում», անգլիական «Մանչեսթեր Սիթիում» եւ շվեյցարական «Գրասհոպեր», «Ցյուրիխ» եւ «Լյուցեռն» ակումբներում։ Նա խաղացել է նաեւ Վրաստանի հավաքականում։
2016 թվականից Կղավելաշվիլին 9-րդ եւ 10-րդ գումարումների խորհրդարանի պատգամավոր էր եւ իշխող կուսակցությունից փաստացի անջատված «Ժողովրդական իշխանություն» կուսակցության առաջնորդներից։ Նա պատգամավոր էր ընտրվել նաեւ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով («Վրացական Երազանք» կուսակցության ցուցակի 18-րդ համարը), սակայն հետագայում հրաժարվել էր մանդատից։
Նշենք նաեւ, որ նախագահին ընտրող կոլեգիայում ներառված են եղել․
- Վրաստանի խորհրդարանի 150 պատգամավոր,
- Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի 21 անդամ,
- Աբխազիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի 20 անդամ,
- Տեղական ինքնակառավարման ներկայացուցչական մարմինների (սակրեբուլոյի) 109 անդամ։
Չնայած ընդդիմության բոյկոտին՝ ընտրական կոլեգիայում պաշտոնապես ներառվել է նաեւ չորս ընդդիմադիր կուսակցությունների 61 պատգամավոր, որոնք, ըստ ԿԸՀ-ի, հոկտեմբերի 26-ին կայացած ընտրությունների արդյունքում հաղթահարել են ընտրական շեմը։
Տեղական ինքնակառավարման մարմինների քվոտան, որը ընդդիմությունը չօգտագործեց, ամբողջությամբ զբաղեցրեց «Վրացական երազանքը»։
Ընտրությունների օրինականությունը չեն ճանաչում նաեւ խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարները՝ պահանջելով նոր խորհրդարանական ընտրություններ նշանակել։
«Վրացական երազանք»-ը հայտարարել է, որ նոր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ընթացիկ տարվա դեկտեմբերի 29-ին։ Գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին էլ հայտարարել է, որ իր պաշտոնավարումը կշարունակի մինչ նոր խորհրդարանի կողմից նոր նախագահի ընտրությունը։