Ռուսաստանը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից դուրս է բերել իր դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմի մի մասը, ինչպես նաեւ Բելառուսի, Հյուսիսային Կորեայի եւ Աբխազիայի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին, հայտնում է ՌԴ արտգործնախարարության իրավիճակային ճգնաժամային կենտրոնը։
«Դեկտեմբերի 15-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարության օդատիեզերական ուժերի հատուկ չվերթով Խմեյմիմ ավիաբազայից Չկալովսկի օդանավակայան է տեղափոխվել Դամասկոսում ՌԴ արտասահմանյան առաքելությունների անձնակազմի մի մասը։ Տարհանվել են նաեւ Բելառուսի, ԿԺԴՀ-ի եւ Աբխազիայի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները»,- ասվում Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ։
Թե ինչի պատճառով է տարհանումը կազմակերպվել, ՌԴ արտգործնախարարությունը չի հստակեցրել։
Սիրիայում նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից անմիջապես հետո ՌԴ ԱԳՆ-ն հայտնեց, որ Մոսկվան ուղիղ կապ է հաստատել «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման քաղաքական կոմիտեի հետ, որը նոյեմբերի վերջերից ղեկավարել է կառավարական ուժերի դեմ իրականացված հարձակումը: Հայտարարության համաձայն՝ ՌԴ դեսպանատան աշխատակիցները հանդիպել են խմբավորման ներկայացուցիչների հետ եւ քննարկել Սիրիայում դիվանագիտական առաքելությանը եւ ՌԴ քաղաքացիների անվտանգությանը առնչվող հարցեր։
Bloomberg-ը, հղում կատարելով աղբյուրներին, ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանը մոտ է Սիրիայի նոր իշխանությունների հետ երկրում տեղակայված երկու ռազմաբազաների պահպանման շուրջ համաձայնությանը։ Խոսքը Սիրիայի Լաթաքիայի նահանգի Խմեյմիմ ավիաբազայի եւ Միջերկրական ծովի ափին գտնվող Տարտուսի ռազմածովային բազայի մասին է։