Դեկտեմբերի 14-ը Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ծննդյան օրն էր:
Ես կարծում էի՝ 50-ամյակն է լրանում, նայեցի «Վիքիպեդիան», պարզվեց, որ հոբելյանն անցյալ տարի էր: Բայց Բաքվի բանտում գտնվող մարդու համար ի՞նչ տարեդարձ կամ հոբելյան: Երեւի թույլատրած կլինեն, որ հարազատների հետ մի քանի րոպեով կապվի:
Դառն է, դառնություն է, որ ավելի է խտանում, երբ նախկին պաշտոնյան նրան անվանում է «խաբող», իսկ «Վիքիպեդիան»՝ վերագրում, թե Արայիկ Հարությունյանը պաշտպանել է 2017 թվականի սահմանադրական փոփոխությունները, որ Բակո Սահակյանին երրորդ ժամկետով նախագահ պաշտոնավարելու իրավունք են տվել:
Արայիկ Հարությունյանը, նրա «Ազատ հայրենիք» կուսակցությունը, ընդհակառակը, հանդես են եկել Լեռնային Ղարաբաղում նույնպես խորհրդարանական կառավարման անցնելու պահանջով, քաղաքական քննարկումներին պնդել, որ փոքր երկրի համար դա ամենաարդյունավետ ճանապարհն է, որովհետեւ ապահովում է քաղաքական համաձայնություններ, արդյունքում՝ հանրային համերաշխություն: Արդարությունը պահանջում է ասել, որ խորհրդարանական կառավարման մոդելի կողմնակից է եղել նաեւ ՀՅԴ տեղական կառույցը, դեմ՝ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, որ այդ փուլում խորհրդարանի փոքրամասնություն լինելով՝ պահպանում էր ԱԺ նախագահի պաշտոնը:
Սա է իրականությունը: Արայիկ Հարությունյանը նույնիսկ ուներ խորհրդարանական կառավարման մոդելի հիմքով սահմանադրության աշխատանքային տարբերակ, որ իր պատվերով գրել էր փորձառու իրավաբանների խումբը:
Այդ շրջանում՝ ապրիլյան քառօրյա մարտերից հետո, Ստեփանակերտում, սակայն, գերիշխում էր տեսակետը, որ պատերազմի վերսկսման դեպքում պետք է ունենալ «իշխանության ամուր ուղղաձիգ՝ նախագահի գլխավորությամբ, որ երկրի տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության երաշխավորն է»:
Այդ նարատիվը, ըստ երեւույթին, մշակվել է Երեւանում եւ մի շատ սկզբունքային խնդիր էր լուծում. պատերազմի դեպքում պատասխանատվություն պետք է կրի Ստեփանակերտը: Հաղթեց այդ մոտեցումը, սահմանադրական փոփոխությունների, փաստացի նոր սահմանադրության հայեցակարգի եւ տեքստի մշակման աշխատանքային խմբի ղեկավար նշանակվեց Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Տեղական հեռուստատեսության մեկնաբանի հարցին՝ «նոր սահմանադրություն ընդունելու ի՞նչ անհրաժեշտություն կա», նա պատասխանել է. «Նոր սահմանադրություն ենք ընդունում, որպեսզի իրականություն դառնա 88-ի Շարժման իղձը»:
Այդ տեսագրությունը կարելի է այսօր էլ դիտել: Նոր սահմանադրության ինտրիգը, սակայն, վարչապետի պաշտոնի եւ կառավարության՝ որպես գործադիր իշխանության մարմնի լուծարումն էր: Բարդ է ասել, թե այդ որոշումն ընդունվել է, որպեսզի Արայիկ Հարությունյանը դուրս մնա պետական կառավարման համակարգից, բայց փաստացի ստացվել է այդպես: Նա, իհարկե, ենթարկվել է քաղաքական համերաշխության սկզբունքին եւ 2017-ի սեպտեմբերի 14-ին ստանձնել պետական նախարարի պաշտոնը, բայց ակնհայտ էր, որ նրա եւ Բակո Սահակյանի միջեւ «քիմիան այլեւս չէր գործում». նախագահի թիմի քաղաքական «միջուկն» այդուհետեւ ՀՅԴ-ն եւ ԱԺԿ-ն էին:
Ստեփանակերտը, ահա, ուժերի եւ առաջին դեմքերի այս հարաբերակցությամբ է «դիմավորել» Հայաստանի «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը». վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությունից երեք շաբաթ անց Արայիկ Հարությունյանը պետական նախարարի պաշտոնից հրաժարական է տվել, որոշ ժամանակ անց նշանակվել նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ, ապա թողել նաեւ պետական այդ կարգավիճակը եւ անցել «Ազատ հայրենիք» կուսակցությունը խորհրդարանական գալիք ընտրությունների նախապատրաստելուն:
2020-ի նախագահական ընտրությունները ԼՂ-ում աննախադեպ էին. առաջադրվել եւ գրանցվել էր մեկ տասնյակից ավելի թեկնածու: Ընդ որում, գրեթե բոլոր կուսակցությունների առաջնորդները նախագահի թեկնածու էին, իսկ Բակո Սահակյանը մինչեւ վերջին պահը այդպես էլ չհայտարարեց, թե նրանցից ում է աջակցում: Այս իրավիճակում Արայիկ Հարությունյանը չէր կարող առաջին փուլում հաղթել եւ լինել ամուր իշխանության կրող: «Խաբեբայության» պատճառը դա է:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։