Սիրիայում նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակազմը տապալած ընդդիմադիր զինված խմբավորումների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան (հայտնի որպես Աբու Մուհամմեդ ալ-Ջուլանի) միջազգային հանրությանը կոչ է արել կանգնեցնել «իսրայելական էսկալացիան» Սիրիայում։ Այդ մասին նա հայտարարել է շաբաթ օրը՝ Syria TV-ի եթերում, որը փաստացի դարձել է իշխանության գալուց հետո նրա առաջին մեկնաբանությունը Սիրիայի դեմ իրականացված իսրայելական գործողությունների վերաբերյալ։
«Իսրայելի փաստարկները թույլ են եւ չեն արդարացնում վերջինիս իրականացրած խախտումները»,- ասել է ալ-Շարաան՝ ընդգծելով, որ Իսրայելը «խախտել է Սիրիայի հետ սահմանազատման գիծը» Գոլանի բարձունքներում։ Սիրիայի նոր իշխանությունների առաջնորդը կոչ է արել «միջազգային հանրությանը միջամտել եւ պատասխանատվություն ստանձնել այս սրման համար»՝ ընդգծելով «տարածաշրջանում իրավիճակի վերահսկման եւ Սիրիայի ինքնիշխանության հարգման կարեւորությունը»։
Ալ-Շարաան նշել է, որ «դիվանագիտական լուծումները անվտանգության եւ կայունության ապահովման միակ միջոցն են»։ Նրա խոսքերով՝ Սիրիայում ստեղծված իրավիճակը «երկար տարիների պատերազմից հետո թույլ չի տալիս նոր հակամարտությունների մեջ մտնել»։
Դեկտեմբերի 8-ին Իսրայելի պաշտպանության բանակը առանց դիմադրության հանդիպելու վերահսկողության տակ վերցրեց Գոլանի բարձունքներում գտնվող Հերմոն լեռնաշղթայի սիրիական կողմը։ Ըստ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Սիրիայի հետ 1974 թվականին ստորագրված ուժերի միջեւ բաժանարար գծի մասին համաձայնագիրը անվավեր է դարձել, քանի որ սիրիական զորքերը Դամասկոսում իշխանափոխությունից հետո լքել են դիրքերը։
Զուգահեռաբար Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակումներ գործեցին Սիրիայի ռազմական օբյեկտների վրա։ Դեկտեմբերի 10-ին Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարեց, որ իր երկրի ռազմածովային ուժերը գործնականում ոչնչացրել են Արաբական Հանրապետության ռազմական նավատորմը: Դեկտեմբերի 12-ին էլ բանակի մամուլի ծառայությունը հայտնց, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը Սիրիային հասցված մի շարք զանգվածային հարվածների ժամանակ ոչնչացրել են «երկիր-օդ» հրթիռների հայտնաբերված պաշարների ավելի քան 90%-ը։