ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ռիչարդ Գրենելիի թեկնածությունը հատուկ հարցերով բանագնացի պաշտոնում առաջադրելու մասին։
«Ուրախ եմ Ռիչարդ Ալեն Գրենելին հայտարարել որպես հատուկ առաքելություններով մեր նախագահականի բանագնաց։ Ռիկը կաշխատի աշխարհի ամենաթեժ կետերում, այդ թվում Վենեսուելայում եւ Հյուսիսային Կորեայում,- գրել է Թրամփը Truth Social-ի էջում։
ԱՄՆ նորընտիր նախագահը գրառման մեջ նաեւ հիշեցրել է, որ իր առաջին պաշտոնավարման շրջանում Ռիչարդ Գրենելին եղել է Գերմանիայում Միացյալ Նահանգների դեսպանը, ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը եւ Կոսովոյի ու Սերբիայի միջեւ բանակցություններում նախագահի ներկայացուցիչը:
«Ռիկը կշարունակի պայքարել ուժի միջոցով խաղաղության եւ Ամերիկան միշտ առաջին տեղում դնելու համար»,- գրել է Թրամփը:
Reuters-ն էլ, հղում կատարելով աղբյուրներին, գրում է, որ Գրենելը կկենտրոնանա նաեւ Բալկանների վրա։
ԱՄՆ նախագահական ընտրությունների նախօրեին նա Պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնի գլխավոր հավակնորդն էր, որն ի վերջո Թրամփը վստահեց սենատոր Մարկո Ռուբիոյին։ Գրենելի թեկնածությունը դիտարկվում էր նաեւ Ուկրաինայի պատերազմի գծով հատուկ ներկայացուցչի պաշտոնում, որում նորընտիր նախագահը նշանակեց պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Քիթ Քելլոգին։
2024 թվականի ամռանը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար Գրենելը հանդես է եկել «ինքնավար գոտիների» ստեղծման օգտին։ Նա նաեւ հայտարարել է, որ չի աջակցում մոտ ապագայում Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն։