Լիտվայի իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել Վրաստանի «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի եւ եւս 16 անձանց նկատմամբ:
Լիտվայի արտաքին գործերի (ԱԳ) նոր նախարար Կեստուտիս Բուդրիսը սոցիալական հարթակում գրել է, որ Էստոնիայի հետ համաձայնեցնելով` ընդլայնել են պատժամիջոցների ենթարկված վրացի քաղաքական գործիչների ցանկը եւ ավելացրել եւս 17 անձի, այդ թվում՝ Իրակլի Կոբախիձեին։
«Մենք չենք հանդուրժի բռնությունն ու ճնշումը խաղաղ ցուցարարների, լրագրողների եւ ընդդիմության նկատմամբ»,- X-ում գրել է նախարար Բուդրիսը։ Նա Եվրամիությանը համատեղ գործողությունների կոչ է արել:
Դրանից ժամեր առաջ Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահկնան հայտարարել է պատժամիջոցների ցանկն ընդլայնելու որոշման մասին եւ Իրակլի Կոբախիձեի հետ ընդգրկել է եւս 13 պաշտոնյայի:
«Էստոնիան պատժամիջոցներ է կիրառել եւս 14 վրացի պաշտոնյայի, այդ թվում՝ վարչապետ Կոբախիձեի նկատմամբ։ Ցուցարարների, լրագրողների եւ ընդդիմության առաջնորդների նկատմամբ իշխանությունների բռնությունը հանցագործություն է եւ մարդու իրավունքների ոտնահարում։ Կոչ եմ անում ԵՄ բոլոր երկրներին արձագանքել եւ քայլեր ձեռնարկել»,- գրել է Ցահկնան։
Դեկտեմբերի 2-ին Լիտվան, Էստոնիան եւ Լատվիան վիզային պատժամիջոցներ են կիրառել 11 բարձրաստիճան պաշտոնյաների՝ Բիձինա Իվանիշվիլիի եւ ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) 10 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։
Նորայր Միսկարյան