Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը հրամանագիր է ստորագրել Աքըլբեկ Ջապարովին հանրապետության նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին։ Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ղրղզստանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից ստացած տեղեկությանը։
«Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ջապարովը հրամանագիր է ստորագրել Աքըլբեկ Ջապարովին նախարարների կաբինետի նախագահի, Ղրղզստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին»,-գործակալությանը ասել են մամուլի ծառայությունից։
Կառավարության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել առաջին փոխվարչապետ Ադիլբեկ Կասիմալիեւը։ Օրենսդրության համաձայն՝ հանրապետության նախարարների կաբինետը չի լուծարվելու եւ կշարունակի աշխատել։
Աքըլբեկ Ջապարովը Ղրղզստանի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվել էր 2021 թվականի հոկտեմբերին։
Վերջին շրջանում կոռուպցիայի մեղադրանքով բարձրաստիճան հարկային պաշտոնյաների ձերբակալություններից հետո Աքըլբեկ Ջապարովի վրա ուժեղացել էին հրաժարական պահանջող ճնշումները։