Թուրքիան խստորեն դատապարտում է Իսրայելի որոշումը՝ կապված Գոլանի բարձունքներում անօրինական բնակավայրերի ընդլայնման հետ։ Անկարան դա համարում է Սիրիայում խաղաղություն եւ կայունություն հաստատելու ջանքերի խաթարում։ Այդ մասին ասվում է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ։
Նշենք, որ Գոլանի բարձունքներում բնակավայրերի ժողովրդագրական աճը խթանելու վերաբերյալ ծրագիրը Իսրայելի կառավարությունը հաստատել էր դեկտեմբերի 15-ին՝ այն բացատրելով Սիրիայում նոր ռազմաճակատի բացմամբ, ստեղծված քաղաքական իրողություններով եւ Իսրայել պետությունը պաշտպանելու նպատակից բխող հիմնավորումներով։
«Մենք խստորեն դատապարտում ենք 1967 թվականից ի վեր գրավված Գոլանի բարձունքներում անօրինական բնակավայրերի ընդլայնման Իսրայելի որոշումը։ Այս որոշումը օկուպացիայի միջոցով սահմաններն ընդլայնելու Իսրայելի նպատակի իրականացման նոր փուլ է»,- ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Թուրքիայի ԱԳՆ կայքէջում։
«Իսրայելի գործողությունները լրջորեն խաթարում են Սիրիայում խաղաղություն եւ կայունություն հաստատելու ջանքերը եւ էլ ավելի մեծացնում լարվածությունը տարածաշրջանում»,- ասվում է հայտարարության տեքստում։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը միջազգային հանրությանը կոչ է արել համապատասխան միջոցներ ձեռնարկել Իսրայելի գործողություններին ի պատասխան եւ «ապահովել [Բենիամին] Նեթանյահուի կառավարության անօրինական քայլերի դադարեցումը»։
Հիշեցնենք՝ նոյեմբերի վերջին Սիրիայի ընդդիմադիր զինված խմբավորումները լայնածավալ հարձակում սկսեցին երկրի հյուսիս-արեւելքում տեղակայված կառավարական ուժերի դեմ։ Դեկտեմբերի 8-ին նրանք գրավեցին Դամասկոսը եւ հայտարարեցին Բաշար ալ-Ասադի 24-ամյա կառավարության տապալման մասին։ Սիրիայի վարչապետ Մուհամմադ Ղազի ալ-Ջալալին իր պատրաստակամությունն էր հայտնել հանրապետությունում իշխանության խաղաղ փոխանցման համար։
Սիրիայում կատարվող այս իրադարձություններին զուգահեռ Իսրայելի պաշտպանության բանակը նաեւ ցամաքային գործողություններ է սկսել դեռեւս 1967-ից օկուպացրած Գոլանի բարձունքների շրջանում՝ հայտարարելով, որ նման ձեւով զբաղեցնելու է նաեւ սիրիական ու իսրայելական բանակների միջեւ եղած բուֆերային գոտին՝ անվտանգության նկատառումներով։
Գոլանի բարձունքների շրջանում բուֆերային գոտու ստեղծման մասին 1974 թվականի պայմանագրի չեղարկման մասին դեկտեմբերի 9-ին հայտարարել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ նշելով, որ պատճառը սիրիական բանակի՝ դիրքերը լքելն է։