Ադրբեջանի հատուկ ծառայությունները բացահայտել եւ ձերբակալել են երկրում դիվերսիա եւ պատանդառություն ծրագրող «ծայրահեղական խմբավորման» անդամներին։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ)։
«Պարզվել է, որ Ադրբեջանի քաղաքացիներ Ֆախրադդին Շախմուրովը, Ջալալ Մուրադովը եւ Քյամրան Բաբաեւը այլ անձանց հետ համաձայնությամբ ստեղծել են հանցավոր համայնք, որի նպատակն է եղել ծանր հանցագործություններ կատարել երկրի սահմանադրական կարգի հիմքերի դեմ։ Գաղտնի հանդիպումներ կազմակերպելով եւ սոցիալական ցանցերում տարբեր փակ խմբեր ստեղծելով՝ նրանք դիվերսիա էին նախապատրաստում պետական կառույցների դեմ»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի ՊԱԾ-ի տվյալներով՝ ծրագրերի մշակումը ղեկավարել է Շախմուրովը։ Ինչպես նշում է գերատեսչությունը, նա եւ իր հանցակիցները պատրաստել են պետական սահմանի մաքսակետը զավթելու ծրագիր՝ «երկրի պաշտպանունակությանը եւ տնտեսական անվտանգությանը վնաս հասցնելու նպատակով»։ Նախատեսվում էր նաեւ պատանդ վերցնել «հանցավոր համայնքի պահանջներն առաջ քաշելու համար»։
Հաղորդվում է, որ Շախմուրովի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել «Կազմակերպված խմբի կազմում դիվերսիայի նախապատրաստում», «Պատանդ վերցնելու նախապատրաստում», «Հանցավոր համայնքի ստեղծում» եւ «Պետության դեմ կոչեր պարունակող նյութերի տարածում» հոդվածներով։ Մուրադովին ու Բաբաեւին նույնպես մեղադրանք է առաջադրվել հակապետական կոչերով նյութեր տարածելու համար։ Երեքն էլ ձերբակալվել են։