Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Սուրբ Աթոռի պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալահերի հետ Բաքվում կայացած հանդիպումից հետո X-ի էջում գրել է, որ նրան տեղեկացրել է Հայաստանի «տարածքային պահանջների եւ զանգվածային ռազմականացման մասին»։
«Գործընկերոջս տեղեկացրի ընթացիկ խաղաղ գործընթացի վերաբերյալ ներկայիս կոչերի, այդ թվում հետպատերազմյան վերակառուցման եւ խաղաղության օրակարգի, ականների սպառնալիքի, շարունակվող տարածքային պահանջների ու Հայաստանի զանգվածային ռազմականացման մասին»,- գրել է Բայրամովը:
Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ Բայրամովն ու արքեպիսկոպոս Գալահերը քննարկել են երկկողմ եւ բազմակողմ համագործակցության հեռանկարները, ինչպես նաեւ տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հարցեր։
Հիշեցնենք՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար Բաքուն վերջին շրջանում մի քանի խոչընդոտներ է մատնանշել։ Դրանցից գլխավորը վերաբերում է Հայաստանի Սահմանադրությանը, որն իբր տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Ադրբեջանական կողմը պահանջում է այն փոխել՝ պնդելով, թե այլապես խաղաղության պայմանագիր չի կարող կնքվել։
Բաքուն նաեւ տարբեր մակարդակներով սկսել է հայտարարել Հայաստանի ռազմական վերակառուցման անթույլատրելիության մասին։
Երեւանից բազմիցս են պատասխանել ադրբեջանական կողմի այս հայտարարություններին՝ նշելով, Սահմանադրությունը որեւէ տարածքային պահանջ չունի Ադրբեջանի դեմ, եւ այն փոփոխելու հարցը Հայաստանի ներքին գործն է, իսկ ռազմական զարգացումը՝ ինքնիշխան իրավունքը՝ միտված երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանությանը։