Ադրբեջանի ռազմական ներուժի բարձրացումը միշտ եղել է առաջնահերթություն։ Այդ մասին Միլլի Մեջլիսում հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը «Ադրբեջանի 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրինագծի երրորդ ընթերցման ժամանակ։
Ասադովի խոսքերով՝ հաջորդ տարվա պետբյուջեում պաշտպանության եւ ազգային անվտանգության ծախսերը կկազմեն ընդհանուր ծախսերի 20,6%-ը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էր հայտարարել, որ երկրի ռազմական ներուժի զարգացումը պետք է համարվի առաջնահերթություն՝ դրա պատճառ նշելով, իբր, Հայաստանի ներսում աճող «ռեւանշիզմը» եւ երկրի համար սպառազինության ձեռքբերումը։
Միեւնույն ժամանակ Ադրբեջանից վերջին շրջանում սկսել են հաճախ պնդել, որ Հայաստանի վերազինումը անթույլատրելի է։ Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւն էր լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ սահմանափակումներ պետք է կիրառվեն Հայաստանի ռազմական զարգացման նկատմամբ՝ պնդելով, որ պատմության ընթացքում «որոշակի սահմանափակումներ են կիրառվում օկուպացիոն եւ ագրեսոր երկրների ռազմական շինարարության, ռազմական ծրագրերի եւ բանակաշինության նկատմամբ»։
Նույն օրը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն էլ Բաքու ժամանած թուրքական ռազմական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե «Հայաստանի վերազինումը բացասական ազդեցություն է թողնում տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման վրա»։