Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգը տապալած զինված ընդդիմության առաջնորդ եւ նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ ալ-Շարաան (Աբու Մուհամմեդ ալ-Ջուլանին) հանդիպում է ունեցել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենի հետ։
Սիրիայի նոր իշխանությունների պաշտոնական հաղորդագրության համաձան՝ Ալ-Շարաան զրույցի ընթացքում մատնանշել է «Սիրիայի միասնության եւ վերականգնման վրա կենտրոնանալու անհրաժեշտությունը»։ Նրա խոսքերով՝ սիրիացի ժողովրդի խնդիրները լուծելու նպատակով կարեւոր է կենտրոնանալ Սիրիայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պահպանման, ինչպես նաեւ տնտեսական զարգացման վրա։
Նոր իշխանությունների առաջնորդը նաեւ նշել է Սիրիայում քաղաքական կարգավորման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2015 թվականին ընդունված 2254-րդ բանաձեւի վերանայման անհրաժեշտության մասին։
Բացի այդ՝ Ալ-Շարաան կարեւորել է անցումային շրջանում ցուցաբերվող զգուշավորությունը, պետական հաստատությունների վերականգնումը եւ սիրիացի փախստականների իրենց տներ անվտանգ վերադառնալու համար քաղաքական ու տնտեսական աջակցություն ստանալը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի վերջին ընդդիմադիր զինված խմբավորումները «Հայաթ Թահրիր ալ-Շամի» (մի շարք երկրներում համարվում է ահաբեկչական կառույց) գլխավորությամբ երկրի հյուսիս-արեւելքում լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական կառավարական ուժերի դեմ։ Դեկտեմբերի 8-ին նրանք գրավեցին Դամասկոսը եւ հայտարարեցին Բաշար ալ-Ասադի 24-ամյա կառավարության տապալման մասին։ Սիրիայի վարչապետ Մուհամմադ Ղազի ալ-Ջալալին իր պատրաստակամությունն էր հայտնել հանրապետությունում իշխանության խաղաղ փոխանցման համար։
Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը հունվարից գլխավորում էր, այսպես կոչված, «Սիրիայի փրկության կառավարությունը», որ ստեղծվել էր Իդլիբ նահանգում ընդդիմության կողմից, նշանակվեց Սիրիայի անցումային կառավարության ղեկավար։ Անցումային շրջանը Սիրիայում կտեւի մինչեւ 2025 թվականի մարտի 1-ը։