Ադրբեջանը երրորդ երկրի միջոցով Հնդկաստանին հասկացրել է, որ ցանկանում է նոր զինատեսակներ ձեռք բերել՝ Հարավային Կովկասում իրավիճակը հավասարակշռելու նպատակներով, որի անհրաժեշտությունը իբր առաջացել էր Հայաստանին հնդկական ռազմական տեխնիկայի վաճառքից հետո: Այդ մասին գրում է հնդկական The Print պարբերականը՝ նշելով, որ նման խնդրանքը Նյու Դելին արդեն մերժել է։
Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ հնդկական կողմը «բարեկամ երկրին» (որի անունը չի նշվում) հայտնել է, որ ինքնուրույն կորոշի երկկողմ հարաբերություններն ու առաջնահերթությունները, եւ չի ցանկանում, որ որեւէ այլ կողմ լինի միջնորդ դրանց համար։
The Print-ի զրուցակիցների համաձայն, թեեւ ադրբեջանական կողմը ռազմական տեխնիկայի գնման հարցը երբեք չի շոշափել հնդկական կողմի հետ հանդիպումների ժամանակ, այնուամենայնիվ, Բաքուն հասկացրել է, որ պատրաստ է Նյու Դելիի հետ կնքելու այնպիսի համաձայնագրեր, որոնք համանման կլինեն Հնդկաստանի եւ Հայաստանի միջեւ ավելի վաղ կնքված պայմանագրերին։
Պարբերականը նաեւ հիշեցնում է, որ վերջին տարիներին Հայաստանը Հնդկաստանից ձեռք է բերել հրթիռային կայաններ, հրետանի, դիպուկահար հրացաններ, հակատանկային ականներ եւ այլ զինամթերք։
«Հնդկաստանի մեկ այլ ռազմավարական գործընկեր՝ Հունաստանը, կարող է Հայաստան ուղարկել իր հնացած ռուսական սպառազինությունը, որպեսզի օգնի զարգացնելու իր պաշտպանունակությունը՝ որպես տարածաշրջանում Հնդկաստանի հետ հնարավոր առանցքի մաս»,- գրում է պարբերականը։
Դրանում նաեւ նշվում է, որ Հայաստանը մշտապես Հնդկաստանին աջակցել է հարեւան Պակիստանի հետ վիճելի տարածք համարվող Ջամմուի եւ Քաշմիրի հարցում։
«Հնդկաստանը, Ֆրանսիան եւ Հունաստանը բոլորն էլ ձգտում են աջակցելու Հայաստանի անվտանգության կարողություններին։ Համեմատության համար՝ Ադրբեջանը համարվում է զարգացող երկրների խմբի մաս, որոնց շարքում են նաեւ Թուրքիան ու Պակիստանը»,- գրում է The Print-ը։
Հոդվածում նաեւ ընդգծվում է, որ 2017 թվականից Բաքուն, Անկարան եւ Իսլամաբադը կենտրոնացել են եռակողմ համագործակցության խորացման վրա։