Գերմանիայի Բունդեսթագի (խորհրդարանի) պատգամավորները անվստահություն են հայտնել Օլաֆ Շոլցի կառավարությանը։
Անձամբ Շոլցի նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստի ժամանակ գերմանական խորհրդարանի 717 պատգամավորներից նրա կաբինետին աջակցություն հայտնել է 207 օրենսդիր, ձեռնպահ են մնացել 116-ը, իսկ 394-ը դեմ է քվեարկել։
Քվեարկության արդյունքները սպասելի էին։ Շոլցը իր իսկ կառավարության վստահության հարցը խորհրդարանում բարձրացրեց իշխող կոալիցիայի փլուզումից հետո։ Այս քվեարկությունն անհրաժեշտ էր արտահերթ ընտրություններ նշանակելու պաշտոնական հիմքեր ունենալու համար։
Քվեարկությունից հետո կանցլերն արդեն դիմել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ—Վալտեր Շտայնմայերին՝ խորհրդարանը պաշտոնապես ցրելու առաջարկով։ Նա դա պետք է անի 21 օրվա ընթացքում, որից հետո նոր ընտրություններ կնշանակվեն։ Սպասվում է, որ դրանք տեղի կունենան փետրվարի 23-ին։
Գերմանիայի «Սոցիալ—դեմոկրատական կուսակցության» (Շոլցի գլխավորությամբ), «Կանաչների» եւ «Ազատ դեմոկրատական կուսակցության» կոալիցիան իշխանության ղեկին էր 2021 թվականից։
Նոյեմբերի սկզբին, տնտեսական բարեփոխումների շուրջ սկիզբ առած լուրջ տարաձայնությունների ֆոնին, «Ազատ դեմոկրատական կուսակցությունը» դուրս եկավ իշխող կոալիցիայից, առանց որի սոցիալ—դեմոկրատներն ու կանաչները չունեին խորհրդարանական մեծամասնություն:
Հարցումների համաձայն՝ արտահերթ ընտրություններում հաղթելու ամենամեծ հնարավորությունն ունի Քրիստոնեա—դեմոկրատական միությունը։ Ենթադրվում է, որ ընտրություններում հաղթելու դեպքում ՔԴՄ—ն կոալիցիա կկազմի նախորդ կոալիցիայի մաս կազմող երեք կուսակցություններից մեկի հետ, իսկ Քրիստոնեա—դեմոկրատների առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը կդառնա կանցլեր։