Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը եւ Իսրայելը առաջընթաց են գրանցել Գազայի հատվածում հրադադարի եւ իսրայելցի պատանդների ազատ արձակման շուրջ բանակցություններում։ Այդ մասին գրում է իսրայելական Ynet լրատվական պորտալը՝ հղում կատարելով ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան անդամին, որի անունը չի նշվում։
Գազայում հրադադարի եւ պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները «աննախադեպ առաջընթաց են գրանցել», — ասել է Ynet-ի աղբյուրը՝ հավելելով, որ վերջնական որոշումը պետք է կայացնի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Շարժման խոսնակը նաեւ նշել է, որ դեռեւս տարաձայնություններ կան պատանդների թվի շուրջ, որոնք պետք է ազատ արձակվեն գործարքի շրջանակում: Բացի այդ՝ կողմերը նաեւ չեն կարողացել համաձայնության գալ, թե պատանդներից ում պետք է նախապես ազատ արձակել։
Աղբյուրը հավելում է, որ ՀԱՄԱՍ-ին խնդրել են բանակցությունների մասին տեղեկություն չհրապարակել։ Ավելի վաղ Նեթանյահուն ասել էր, որ «որքան քիչ խոսվի գործարքի մասին, այնքան լավ»,- նշում է պորտալը։
Ավելի վաղ իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան Ynet-ի հետ զրույցում խոսել էր ՀԱՄԱՍ-ի հետ պատանդների գործարքի շուրջ բանակցություններում «զգալի առաջընթացի» մասին: Ըստ նրա՝ Մոսադի հետախուզական ծառայության եւ Իսրայելի գլխավոր անվտանգության ծառայության ղեկավարներն հայտնել են, որ համաձայնությունը կարող է ձեռք բերվել մի քանի շաբաթվա ընթացքում։
Պաշտոնյան ՀԱՄԱՍ-ի դիրքորոշման փոփոխությունը բացատրել է Իսրայելի շարունակվող հարվածներով եւ հաջորդ ամիս ԱՄՆ նախագահի պաշտոնի՝ Դոնալդ Թրամփի ստանձնումով:
2023 թվականի նոյեմբերի վերջին Եգիպտոսի եւ Կատարի միջնորդությամբ հաստատվեց մարդասիրական ժամանակավոր զինադադար, որը տեւեց մեկ շաբաթ։ Այս ընթացքում, ըստ Իսրայելի, ավելի քան 100 պատանդ է ազատվել։ Դեկտեմբերի 1-ին հրադադարը խախտվել է, ռազմական գործողությունները վերսկսվել են եւ շարունակվում են մինչ օրս։ Իսրայելական կողմի վերջին տեղեկությունների համաձայն՝ Գազայում ՀԱՄԱՍ-ը դեռ 100 պատանդ ունի։