Հյուսիսային Կորեայի զինվորականները առաջին անգամ ռուսական բանակի հետ մասնակցել են Ռուսաստանի Կուրսկի մարզում ընթացող ռազմական գործողություններին եւ կորուստներ են տվել։ Այդ մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը։
«Մեր գնահատմամբ՝ հյուսիսկորեացի զինվորները մարտերի մեջ են ներգրավվել Կուրսկի մարզում […] Մենք տվյալներ ունենք, որ նրանք կորուստներ են կրել եւ ունեն սպանվածներ ու վիրավորներ»,- ասել է Ռայդերը։ Նա նշել է, որ զոհերի թվի վերաբերյալ մանրամասներ չունի, սակայն ընդգծել է, որ Հյուսիսային Կորեայից տեղափոխված ստորաբաժանումները մարտերի մեջ են ներգրավվել նախորդ շաբաթ։
Հյուսիսկորեացի զինվորականների մասնակցությամբ Կուրսկի մարզում տեղի ունեցած մարտերի մասին հայտնել էր նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որին այդ մասին զեկուցել էր ուկրաինական բանակի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։
«Նախնական տվյալներով՝ ռուսները փորձում են թաքցնել հյուսիսկորեացիների կորուստները։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը եւ մեր հետախուզությունը կպարզեն ամբողջ տեղեկատվությունը ռուսական ստորաբաժանումների իրական կորուստների մասին, որոնցում ներգրավված են նաեւ կորեացիները։ Ցավոք, պետք է պաշտպանվենք նաեւ նրանցից, չնայած որ որեւէ պատճառ չկա, որ այս պատերազմում նաեւ կորեացիներ զոհվեին»,- ասել է Զելենսկին։
Հիշեցնենք՝ Հարավային Կորեայի հետախուզությունը դեռ հոկտեմբերի կեսերին էր հայտնել, որ Հյուսիսային Կորեայից զորքեր են տեղափոխվել Ռուսաստան։ Ամսվա վերջին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հաստատեց այդ տեղեկությունները՝ նշելով, որ նրանք արդեն տեղափոխվել են Կուրսկի մարզ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղղակիորեն չի հաստատել մարտական գործողություններին Հյուսիսային Կորեայի զինվորականների մասնակցության փաստը, սակայն երբ նրան հարցրել են այդ ամենը վկայող արբանյակային լուսանկարների մասին, նա պատասխանել է, որ «պատկերները լուրջ բան են», եւ եթե դրանք կան, «ապա ինչ-որ բան արտացոլում են»:
Նշենք նաեւ, որ կորեացի զինվորականների առաջին կորուստների մասին Զելենսկին հայտնել էր դեռ նոյեմբերի վերջին։ Նրա խոսքերով՝ Կուրսկի մարզում տեղակայված են եղել 11 հազար հյուսիսկորեացի զինվորներ, որոնց մի մասն արդեն մասնակցել էր Ուկրաինայի զինված ուժերի դեմ մարտերին։ Ավելի ուշ այս տեղեկությունները հաստատեց նաեւ Պենտագոնը։