Մոսկվայում պայթյունի հետեւանքով զոհվել են ՌԴ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության ուժերի հրամանատար Իգոր Կիրիլովը եւ նրա օգնականը։ Այդ մասին հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեն։
«Հետաքննության տվյալներով՝ դեկտեմբերի 17-ի առավոտյան Մոսկվայի Ռյազանսկի պողոտայում պայթուցիկ սարք է գործարկվել։ [․․․] Միջադեպի հետեւանքով մահացել են ՌԴ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի հրամանատար Իգոր Կիրիլովը եւ նրա օգնականը»,- հայտարարել է ՌԴ ՔԿ Սվետլանա Պետրենկոն՝ հավելելով, որ սարքը տեղադրված է եղել ինքնագլորի մեջ։
Պետրենկոն հայտնել է, որ ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել սպանության դեպքի փաստով։ Նշվում է, որ հանցագործության բոլոր հանգամանքները պարզված են։
Կիրիլովը հայտնի է նրանով, որ 2023 թվականից ՌԴ ՊՆ-ում ճեպազրույցներ է անցկացրել, որոնց ընթացքում, մասնավորապես, խոսել է Ուկրաինայում ԱՄՆ-ի «ռազմա-կենսաբանական գործունեության» մասին։
Իգոր Կիրիլովը ծնվել է 1970 թվականի հուլիսի 13-ին Կոստրոմայում։ 1991 թվականին ավարտել է Կոստրոմայի քիմիական պաշտպանության բարձրագույն հրամանատարական դպրոցը, իսկ 2007-ին՝ ԽՍՀՄ մարշալ Ս․Կ Տիմոշենկոյի անվան ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության ռազմական ակադեմիան։ 1991-1995 թվականներին ծառայել է որպես դասակի հրամանատար Գերմանիայում տեղակայված Արեւմտյան բանակային խմբում եւ Մոսկվայի ռազմական օկրուգում։ 2009 թվականից նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՌԴ ԶՈՒ քիմիական պաշտպանության զորքերի հրամանատարի աշխատակազմում։ 2014 թվականի սեպտեմբերից մինչեւ 2017 թվականի ապրիլը զբաղեցրել է ԽՍՀՄ մարշալ Ս․Կ Տիմոշենկոյի անվան ռազմական ակադեմիայի տնօրենի պաշտոնը։ 2017 թվականի ապրիլին նշանակվել է ՌԴ ԶՈՒ քիմիական պաշտպանության զորքերի պետի պաշտոնում։