ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումից պահանջել է ազատ արձակել բոլոր պատանդառված անձնանց մինչեւ իր երդմնակալության արարողությունը՝ նշելով, որ եթե դա տեղի չունենա, լուրջ հետեւանքներ կլինեն։
«Ես զգուշացրել եմ, որ դժոխքի կվերածվի, եթե պատանդները մինչ այդ ժամանակահատվածը տանը չլինեն»,- ասել է Թրամփը Ֆլորիդայի Մար ա-Լագոյի իր առանձնատանը հրավիրած ասուլիսի ժամանակ։
Հարցին, թե կոնկրետ ինչ է դա նշանակում, նորընտիր նախագահը պատասխանեց. «Նրանք պետք է հասկանան՝ ինչ է դա նշանակում։ Դրանում որեւէ հաճելի բան չի լինի»:
Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 20-ին։
ԱՄՆ ընտրված առաջնորդը նաեւ ասել է, որ ավելի վաղ «շատ լավ» հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։
Հիշեցնենք՝ իրավիճակը Մերձավոր Արեւելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմնակիցների ներթափանցումից հետո, որն ուղեկցվել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանություններով եւ պատանդառությամբ։ ՀԱՄԱՍ-ը այս հարձակումն անվանել է պատասխան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի դեմ Իսրայելի իշխանությունների գործողությունների։ Իսրայելը հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին եւ սկսեց դրա զանգվածային ռմբակոծումը, որից օրեր անց ցամաքային գործողություն սկսեց շրջանում։