Ադրբեջանական APA գործակալության հաղորդագրության համաձայն՝ Բաքվի դատարան է ուղարկվել «Հայաստանի եւ նրա զինված ուժերի, ինչպես նաեւ ուղիղ Հայաստանի կողմից ստեղծված Լեռնային Ղարաբաղի անօրինական ռազմական կազմավորումների կողմից Ադրբեջանի դեմ իրականացված անօրինական գործողությունների վերաբերյալ գործը»։
Հաղորդվում է, որ Արցախի նախկին ղեկավարների գործերով հետաքննություն է իրականացվել ագրեսիայի, օկուպացիայի, ցեղասպանության եւ խաղաղության ու մարդկության դեմ այլ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, ահաբեկչության եւ ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաեւ բազմաթիվ այլ հանցագործությունների հատկանիշերով։
Ադրբեջանի քննչական կոմիտեն նաեւ նշյալ գործերի շրջանակում համագործակցության առաջարկ է արել Հայաստանին։
«Հաշվի առնելով լուրջ հիմքերը՝ ենթադրելու, որ այս հետաքննության հետ կապված բազմաթիվ կասկածյալներ, ինչպես նաեւ վկաներ Հայաստանի տարածքում են՝ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի իրավասու մարմիններին հրավիրում է համագործակցության»,- մեջբերում է APA գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի քննչական կոմիտեին։
Հիշեցնենք՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական գործողություններ սկսվելուց հետո գերեվարվել է 16 անձ, որոնց թվում են եղել նաեւ արցախցի 8 պաշտոնյաներ՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։