Եվրամիությունը Սիրիային մինչեւ տարեվերջ 160 միլիոն եվրո օգնություն կտրամադրի, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո։
«ԵՄ-ն կկատարի Սիրիային աջակցելու իր պարտավորությունները: Այս տարի Սիրիային մեր օգնությունը կկազմի 160 միլիոն եվրո»,- ասել է Ֆոն դեր Լայենը:
Նա նաեւ հաստատել է, որ ԵՄ-ն կվերականգնի Դամասկոսի հետ նախկին դիվանագիտական հարաբերությունները։
Նշենք, որ եվրոպական երկրների եւ Եվրամիության հետ Սիրիայի հարաբերությունները վատթարացել էին 2011 թվականից, երկրում սկիզբ առած հակակառավարական զանգվածային բողոքի ակցիաներին ու բախումներին զուգահեռ Բրյուսելը նախագահ Բաշար ալ-Ասադին ժողովրդավարական բարեփոխումների կոչ էր անում, որի ֆոնին հայտարարեց պատժամիջոցների ներդրման ու դիվանագիտական կապերի խզման մասին։ Արդեն քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո ԵՄ-ն միացավ ԱՄՆ-ի՝ Ասադի հրաժարականի պահանջին եւ քաղաքացիական բնակչության նկատմամբ քիմիական զենք կիրառելու մեղադրանքներին։
Հիշեցնենք՝ նոյեմբերի վերջին ընդդիմադիր զինված խմբավորումները «Հայաթ Թահրիր ալ-Շամի» (մի շարք երկրներում համարվում է ահաբեկչական կառույց) գլխավորությամբ երկրի հյուսիս-արեւելքում լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական կառավարական ուժերի դեմ։ Դեկտեմբերի 8-ին նրանք գրավեցին Դամասկոսը եւ հայտարարեցին Բաշար ալ-Ասադի 24-ամյա կառավարության տապալման մասին։ Սիրիայի վարչապետ Մուհամմադ Ղազի ալ-Ջալալին իր պատրաստակամությունն էր հայտնել հանրապետությունում իշխանության խաղաղ փոխանցման համար։
Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը հունվարից գլխավորում էր, այսպես կոչված, «Սիրիայի փրկության կառավարությունը», որ ստեղծվել էր Իդլիբ նահանգում ընդդիմության կողմից, նշանակվեց Սիրիայի անցումային կառավարության ղեկավար։ Անցումային շրջանը Սիրիայում կտեւի մինչեւ 2025 թվականի մարտի 1-ը։