Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարը շարունակում է մնալ իր երկրի ռազմավարական նպատակը։ Այդ մասին նա հայտարարել է Անկարայում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Թուրքիայի համար Եվրամիությանն անդամակցությունը շարունակում է մնալ ռազմավարական նպատակ։ Հասկանալի է, որ մեր անդամակցությունը ԵՄ-ին կարեւոր ներդրում կլինի ինչպես միության, այնպես էլ մեր երկրի համար։ Վերջին իրադարձություններն էլ ավելի են ամրապնդել Թուրքիայի՝ որպես առանցքային պետության դիրքերը։ Մեր ընթացիկ բանակցությունների հիմնական օրակարգն այն ընդհանուր քայլերն էին, որ կարող էին ձեռնարկվել Թուրքիայի եւ ԵՄ-ի հարաբերությունները աշխուժացնելու համար։ Մենք ակնկալում ենք, որ ԵՄ-ն կներկայացնի նոր տեսլական, որը կամրապնդի Թուրքիայի անդամակցության հեռանկարները»,- հայտարարել է Էրդողանը։
ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի թեկնածությունը հաստատվել է դեռ 1999 թվականին եւ այդ տարուց ի վեր լուրջ եւ զգալի հակասությունների առարկա է դարձել կառույցի ներսում:
Թուրքիան 1949 թվականից Եվրոպայի խորհրդի հիմնադիրներից մեկն է։ Շնորհիվ 1963 թվականի սեպտեմբերի 12-ին Եվրոպայի տնտեսական համայնքի (ԵՏՀ, որը Եվրամիությանը նախորդող կառույցն էր) հետ ստորագրված ասոցացման համաձայնագրի Թուրքիան եվրոպական տնտեսական կառույցների «ասոցացված անդամ» է համարվել։ Երկիրը պաշտոնապես անդամակցության դիմում է ներկայացրել 1987 թվականի ապրիլի 14-ին, սակայն թեկնածուի կարգավիճակ է ստացել միայն 1999 թվականին Հելսինկիի գագաթնաժողովում։ 2004 թվականի դեկտեմբերի 17-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովից հետո (խոշոր ընդլայնումից հետո) Եվրոպական խորհուրդը հայտարարեց Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի մասին։