Իսրայելը ջախջախիչ պարտություն է կրելու Սիրիա ներխուժման պատճառով, Իրանի աջակցությունը ստացող իսլամական դիմադրության ուժերը («Իսլամական Ջիհադ», ՀԱՄԱՍ եւ «Հեզբոլլահ») կշարունակեն պայքարը։ Այդ մասին իրանցի կանանց հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։
«Օգտվելով Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններից՝ ԱՄՆ-ը, Սիոնիստական ռեժիմը (նկատի ունի Իսրայելը) եւ նրանց որոշ դաշնակիցներ շարունակում են հանցագործություններ կատարել եւ փորձել ներկայացնել [Դամասկոսում տեղի ունեցած իշխանափոխությունը] որպես դիմադրության վերջ։ Սա կոպիտ սխալ է։ Գազայի հատվածը եւ Լիբանանը շարունակում են պայքարը։ Իսրայելը ներխուժել է սիրիական հող՝ նպատակ ունենալով շրջապատելու եւ ոչնչացնելու «Հեզբոլլահի» ուժերին: Սակայն կործանվողն Իսրայելը կլինի»,- ասել է Խամենեին։
Հիշեցնենք՝ նոյեմբերի վերջին ընդդիմադիր զինված խմբավորումները «Հայաթ Թահրիր ալ-Շամի» (մի շարք երկրներում համարվում է ահաբեկչական կառույց) գլխավորությամբ երկրի հյուսիս-արեւելքում լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական կառավարական ուժերի դեմ։ Դեկտեմբերի 8-ին նրանք գրավեցին Դամասկոսը եւ հայտարարեցին Բաշար ալ-Ասադի 24-ամյա կառավարության տապալման մասին։ Սիրիայի վարչապետ Մուհամմադ Ղազի ալ-Ջալալին իր պատրաստակամությունն էր հայտնել հանրապետությունում իշխանության խաղաղ փոխանցման համար։
Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը հունվարից գլխավորում էր, այսպես կոչված, «Սիրիայի փրկության կառավարությունը», որ ստեղծվել էր Իդլիբ նահանգում ընդդիմության կողմից, նշանակվեց Սիրիայի անցումային կառավարության ղեկավար։ Անցումային շրջանը Սիրիայում կտեւի մինչեւ 2025 թվականի մարտի 1-ը։
Նշենք նաեւ, որ դեկտեմբերի 8-ին Սիրիայում ընթացող իշխանափոխությանը զուգահեռ Իսրայելի պաշտպանության բանակը առանց դիմադրության հանդիպելու վերահսկողության տակ վերցրեց Գոլանի բարձունքներում գտնվող Հերմոն լեռնաշղթայի սիրիական կողմը։ Ըստ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Սիրիայի հետ 1974 թվականին ստորագրված ուժերի միջեւ բաժանարար գծի մասին համաձայնագիրը անվավեր է դարձել, քանի որ սիրիական զորքերը Դամասկոսում իշխանափոխությունից հետո լքել են դիրքերը։
Զուգահեռաբար Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակում գործեցին Սիրիայի ռազմական օբյեկտների վրա։ Դեկտեմբերի 10-ին Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարեց, որ իր երկրի ռազմածովային ուժերը գործնականում ոչնչացրել են Արաբական Հանրապետության ռազմական նավատորմը: Դեկտեմբերի 12-ին էլ բանակի մամուլի ծառայությունը հայտնեց, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը Սիրիային հասցված մի շարք զանգվածային հարվածների ժամանակ ոչնչացրել են «երկիր-օդ» հրթիռների հայտնաբերված պաշարների ավելի քան 90%-ը։