Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի հետ:
Հանդիպմանը նախորդել է դիմավորման պաշտոնական արարողությունը՝ պատվո պահակախմբի մասնակցությամբ: Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը:
Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն` հանդիպման ընթացքում Պապիկյանն ու Լըկորնյուն քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստանի եւ Ֆրանսիայի համագործակցության ներկայիս ընթացքը:
«Սուրեն Պապիկյանը կարեւորել է ինչպես Սեբաստիան Լըկորնյուի հետ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների անշեղորեն իրականացման ընթացքը, այնպես էլ այս հանդիպման ընթացքում համագործակցության վերաբերյալ ձեռքբերվելիք նոր պայմանավորվածությունները»,- ասվում է Հայաստանի պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ:
Դրանում ընդգծվում է, որ կողմերը հաստատել են այն տեսակետը, որ երկրների համագործակցությունը արդեն դրվել է երկարաժամկետ եւ ինստիտուցիոնալ հիմքերի վրա:
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Լըկորնյուն հաստատել է համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը:
Հիշեցնենք՝ Հայաստանն ու Ֆրանսիան ռազմական մատակարարումների մասին պայմանագիրը ստորագրել են 2023 թվականին։ Ըստ այդ ժամանակ հրապարակված տվյալների՝ Փարիզը Երեւանին պետք է մատակարարեր GM200 ռադարներ եւ Mistral հրթիռներ, ինչպես նաեւ աջակցեր Հայաստանի ԶՈՒ բարեփոխումներին։
Ֆրանսիան ռազմական համագործակցության շրջանակում արդեն Հայաստանին մատակարարել է 24 «Բաստիոն» զրահամեքենա։ Միեւնույն ժամանակ հայտնի չէ, թե արդյոք մատակարարվել են GM200 ռադարները եւ Mistral հրթիռները։
Նախորդ շաբաթ էլ Հայաստանի ՊՆ պաշտպանական քաղաքականության եւ միջազգային համագործակցության վարչության պետ Լեւոն Այվազյանն ու Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության միջազգային համագործակցության պետ Ալեքսանդր Էսկորսիան Երեւանում կայացած հայ-ֆրանսիական բարձր խորհրդակցությունների շրջանակում ստորագրել էին երկրների պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը։