ԱՄՆ-ի փոխարեն ՆԱՏՕ-ն է ստանձնել Ուկրաինային տրամադրվող արեւմտյան ռազմական օգնության համակարգումը։ Այդ մասին գրում է Reuters-ը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։
Նախկինում Կիեւին ռազմական օգնությունը համակարգում էր ԱՄՆ-ի գլխավորած «Ռամշտեյն» խումբը, որը մոտ 50 երկրներից բաղկացած կոալիցիան էր եւ կրում էր Գերմանիայում տեղակայված ամերիկյան ավիաբազայի անունը, որտեղ էլ անցկացվել էին դաշնակիցների հանդիպումները։
Այժմ դա կիրականացնի «ՆԱՏՕ-ի աջակցությունն ու ուսուցումը Ուկրաինայի համար» (NSATU) անունը կրող նոր առաքելությունը, որի կենտրոնակայանը Գերմանիայի Վիսբադեն քաղաքում է: ՆԱՏՕ-ի երկրներն այս առաքելության ստեղծման շուրջ համաձայնության են եկել 2024 թվականի հուլիսին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի ընթացքում։
Հաղորդվում է, որ NSATU-ի համար կաշխատի շուրջ 700 մարդ, այդ թվում՝ զինվորականներ, որոնք տեղակայված են Բելգիայում ՆԱՏՕ-ի ռազմական կենտրոնակայանում, ինչպես նաեւ Լեհաստանի եւ Ռումինիայի լոգիստիկ կենտրոններում:
Դեռեւս 2024 թվականի ամռանը հաղորդվում էր, որ ՆԱՏՕ-ն պատրաստվում է համակարգելու Ուկրաինային ուղարկվող արեւտյան ռազմական օգնությունը։ Այս կերպ դաշինքի երկրները ձգտում են պաշտպանելու Կիեւի աջակցությանն ուղղված արեւմտյան մեխանիզմը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի անսպասելի որոշումներից։ Ինչպես նշում է Reuters-ը, ռազմական օգնության համակարգման գործառույթի փոխանցումն իրականացվել է մի քանի ամիս ուշացումով։
Միեւնույն ժամանակ, դիվանագիտական շրջանակներից Reuters-ի զրուցակիցները խոստովանում են, որ լիազորությունների փոխանցումը կարող է սահմանափակ ազդեցություն ունենալ, քանի որ ԱՄՆ-ը մնում է Ուկրաինային զենքի ամենամեծ մատակարարը, իսկ Թրամփը կարող է նվազեցնել ռազմական օգնության ծավալը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ին եւ Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության չափը եւ բազմիցս ասել է, որ ցանկանում է արագ վերջ տալ ռուս-ուկրաինական պատերազմին։ Միեւնույն ժամանակ նա դեռ չի հստակեցրել, թե ինչպես է պատրաստվում վերջ դնելու հակամարտությանը։ Ավելի վաղ լրատվամիջոցներին հայտնի դարձած Թրամփի խորհրդականների կազմած ծրագիրը ենթադրում էր Ուկրաինայի կողմից Ռուսաստանի հետ բանակցությունների սկսում եւ դրանից հրաժարվելու դեպքում ռազմական օգնության դադարեցում։
Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 20-ին։ The Wall Street Journal-ը գրում է, որ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո Բայդենի վարչակազմն արագացրել է Ուկրաինա ռազմական օգնություն ուղարկելու գործընթացները։ Սպիտակ տան պաշտոնյաները մտավախություն ունեն, որ նոր վարչակազմը կկրճատի մատակարարումները՝ փորձելով Ուկրաինային մղել անհավասար բանակցությունների։
Bloomberg-ը ամփոփելով գրում է, որ Ուկրաինային աջակցությունն ուժեղացնելու շրջանակում Բայդենն արդեն Կիեւին լիազորել է օգտագործել հեռահար ATACMS հրթիռները՝ Ռուսաստանի տարածքում տեղակայված թիրախները խոցելու համար, թույլատրել է հակահետեւակային ականների մատակարարումը, չեղարկել է 4,65 միլիարդ դոլարի վարկի կեսը եւ պատժամիջոցներ է սահմանել «Գազպրոմբանկի» նկատմամբ, որը, ըստ Վաշինգտոնի, Ռուսաստանն օգտագործում է ռազմական տեխնիկա գնելու համար։