Իսրայելի իշխանություններն ու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը ունակ են հաղթահարելու տարաձայնությունները եւ Գազայի հատվածում հրադադար հաստատելու մասին պայմանագիր կնքելու։ Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
«Մենք պետք է համաձայնագիր կնքելու ունակություն ունենանք։ Մենք կարող ենք հաղթահարել կողմերի տարաձայնությունները, բայց դա չի նշանակում, որ մենք դա կանենք»,- նշել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Մեկնաբանելով այն տեղեկությունները, թե ՀԱՄԱՍ շարժումն իբր համաձայնել է Իսրայելի առաջադրած բոլոր պահանջներին՝ Միլլերն ասել է, որ «դա այդպես չէ»։
Դեկտեմբերին սաուդյան Al Hadath հեռուստաալիքը հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ը եւ Իսրայելը կարող են համաձայնության գալ պատանդներին ազատ արձակելու շուրջ մինչեւ այս ամսվա վերջ։ Վկայակոչելով իրազեկ աղբյուրներից ստացված տեղեկությունը՝ լրատվականը գրել էր, որ կողմերը զգալի առաջընթաց են արձանագրել Գազայի վերաբերյալ վերջնական համաձայնագրի շուրջ։ Իսրայելական Ynet պորտալը նույնպես, վկայակոչելով ՀԱՄԱՍ-ի անանուն բարձրաստիճան անդամին, հաղորդել էր, որ «աննախադեպ առաջընթաց» է գրանցվել Գազայում հրադադարի եւ պատանդների ազատ արձակման շուրջ բանակցություններում:
Նախորդ տարվա ընթացքում ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդառված անձանց ազատ արձակման շուրջ բանակցությունների մի քանի փուլ էր ընթացել, սակայն առանց արդյունքի։ Կողմերն այդպես էլ չկարողացան հասնել 2023 թվականի նոյեմբերի վերջին ձեռք բերված համաձայնության շարունակմանը, որի համաձայն՝ մեկշաբաթյա զինադադարի արդյունքում ազատ արձակվեց 105 պատանդ: Իսրայելը կարծում է, որ նախորդ տարվա հոկտեմբերի 7-ին առեւանգված 251 պատանդներից 96-ը դեռեւս Գազայում են։