Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական բանակը չի կարող ինքնուրույն վերադարձնել Ղրիմն ու Դոնբասը։ Այդ մասին նա ասել է ֆրանսիական Le Parisien թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է դեկտեմբերի 17-ին։
Պատասխանելով հարցին, թե խաղաղության համար ինչ փոխզիջումների է պատրաստ գնալու Ուկրաինան, եւ արդյոք Կիեւում պատրաստ են ժամանակավորապես հրաժարվելու Դոնբասից ու Ղրիմից, Զելենսկին ասել է. «Մենք չենք կարող զիջել մեր տարածքները։ Ուկրաինայի Սահմանադրությունը մեզ արգելում է դա անել։ Փաստացի այս տարածքներն այժմ վերահսկում են ռուսները։ Մենք ուժ չունենք դրանք հետ բերելու համար»։
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ Կիեւը կարող է ապավինել միայն դիվանագիտական ճնշմանը, որպեսզի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ստիպեն նստի բանակցային սեղանի շուրջ։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք պատրաստ է անձամբ ՌԴ նախագահի հետ նստելու բանակցային սեղանի շուրջ, Զելենսկին ասել է, որ այդ դեպքում կարեւորը ոչ թե հակառակ կողմի բանակցողն է, այլ այն, թե ինչ դիրքերում են կողմերը սկսում քննարկումները։
«Չեմ կարծում, որ մենք թույլ դիրքերում ենք, բայց ուժեղ դիրքերում էլ չենք. լինե՞նք ՆԱՏՕ—ում։ Մենք չգիտենք։ Կլինե՞նք արդյոք Եվրամիության մաս։ Այո՛, ապագայում, բայց ե՞րբ: Նման պայմաններում Պուտինի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ կնշանակի նրան իրավունք տալ որոշելու ամեն ինչ աշխարհի այս հատվածում։ Սկզբում մենք պետք է մշակենք մոդել, գործողությունների ծրագիր կամ խաղաղության ծրագիր, ինչպես ուզում եք անվանեք այն: Հետո դա կարող ենք ներկայացնել Պուտինին կամ, ավելի լայն իմաստով, ռուսներին»,- ասել Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին ընդգծել է, որ օտարերկրյա ոչ մի առաջնորդ «իրավունք չունի բանակցելու Պուտինի հետ առանց Ուկրաինայի։ Մենք այս մանդատը ոչ մեկին չենք պատվիրակել։ Մենք զոհ ենք»,- ասել է Զելենսկին։