Ռուսաստանը կառուցողական քայլեր է ձեռնարկում Անդրկովկասում, եւ այդ ջանքերի շնորհիվ է, որ Երեւանն ու Բաքուն հաջողությամբ ընթանում են երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Ռուսաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների ռազմական կցորդների համար հրավիրված ճեպազրույցի ժամանակ։
«Ի տարբերություն Արեւմուտքի ապակառուցողական գործողությունների՝ Ռուսաստանը կառուցողական քայլեր է ձեռնարկում այս տարածաշրջանում։ Գլխավորապես մեր պետության ջանքերի շնորհիվ է ակնհայտ դարձել Բաքվի եւ Երեւանի միջեւ երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կատարված դրական առաջընթացը»,- հայտարարել է Գերասիմովը։
ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը նաեւ հիշեցրել է, որ ավարտվել է Ադրբեջանի Ղազախի շրջանի եւ Հայաստանի Տավուշի մարզի միջեւ միջպետական սահմանի ամենաբարդ հատվածներից մեկի սահմանազատումը։
Գերասիմովը նաեւ նշել է, որ Հարավային Կովկասում իրավիճակը շարունակում է բարդ մնալ, քանի որ Արեւմուտքը ձգտում է պահելու ազդեցությունը Վրաստանում, իսկ Հայաստանին ներքաշելու այդ ազդեցության ուղեծիր։
«Արտատարածաշրջանային խաղացողները, առաջին հերթին ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը, որոնք ցանկություն ունեն ամրապնդելու իրենց դիրքերը տարածաշրջանում, պահպանելու Վրաստանը եւ Հայաստանին ներքաշելու իրենց ազդեցության ուղեծիր, կործանարար ազդեցություն ունեն դրա զարգացման վրա»,- ասել է գեներալը:
Գերասիմովը նաեւ նշել է, որ Վրաստանում Արեւմուտքից բողոքի ակցիաների ֆինանսավորումն ուղղված է երկրում իրավիճակի ապակայունացմանը։