Բաքուն դեռ չի արձագանքել ապաշրջափակման վերաբերյալ Երեւանի առաջարկներին։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում։
«Ես տեղյակ եմ, թե ինչ առաջարկների մասին է խոսքը, բայց քանի դեռ պաշտոնական արձագանք չկա, չեմ ցանկանում բացել դրանց բովանդակությունը»,- ասել է փոխվարչապետ Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ առաջարկներ են ուղարկվել Ադրբեջանին, եւ ինչ արձագանք է ստացել Հայաստանը։
Փոխվարչապետը նաեւ անդրադարձել է Բաքվից եւ Անկարայից վերջերս հաճախակի դարձած «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարություններին՝ նշելով․ «Կան կարմիր գծեր, որոնց հատումը ուղղակի անհնար է։ Ես նույնիսկ չեմ ուզում քննարկել եւ մեկնաբանել այդ տերմինը։ Չի լինելու նման բան։ Մենք շարունակաբար կրկնում ենք, որ Հայաստանը ցանկանում է եւ պատրաստ է ապաշրջափակման շատ պարզ, բայց շատ դոգմատիկ կանոնների՝ ինքնիշխանության եւ իրավազորության ներքո»։
Հիշեցնենք՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին այսօր հայտարարել էր Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը ադրբեջանցի գործընկեր Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսի ժամանակ։
«Զանգեզուրի միջանցքի բացումը պայման է ոչ միայն Ադրբեջանի ու Թուրքիայի, այլեւ տարածաշրջանի բոլոր երկրների շահերն ապահովելու համար»,- ասել էր Քուրթուլմուշը՝ նշելով, որ այդ հարցում Անկարան մշտապես եղել է եւ շարունակում է լինել Բաքվի աջակիցը։
Դեկտեմբերի սկզբին էլ թուրքական խորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայն էր հայտարարել, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը կարեւոր պայման է խաղաղության հաստատման համար։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 21-ին, Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն էր հայտարարել, որ Բաքվի եւ Անկարայի միջեւ տրանսպորտային ոլորտի ամենամեծ նախագիծը «Զանգեզուրի միջանցքն» է:
Հիշեցնենք՝ Բաքուն պնդում է, որ Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ իր տրանսպորտային կապը առանց մաքսային հսկողության պետք է ապահովվի Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով՝ այն անվանելով «Զանգեզուրի միջանցք»։ Երեւանն էլ հայտարարել է, որ պատրաստ է Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու Նախիջեւանի հետ կապի համար միայն Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության շրջանակում՝ բացառելով արտատարածքային միջանցքի գաղափարը։
Նշենք նաեւ, որ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ շահարկումները որոշակիորեն դադարեցվեցին 2023-ի վերջերին եւ 2024 թվականի սկզբներին։ Բաքուն մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ եթե Երեւանը Սյունիքով ճանապարհ չի տրամադրում, ապա դա կարող է անցնել Իրանի տարածքով։ Ադրբեջանի նախագահի հատուկ հարցերով բանագնաց Էլչին Ամիրբեկովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել էր, որ կոմունիկացիաների վերաբերյալ քննարկումները Հայաստանն ու Ադրբեջանը թողել են խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Այս տեղեկությունը հաստատեց նաեւ Հայաստանի արտգործնախարարությունը։ Սակայն սեպտեմբերից սկսած Իրանը հայտարարեց, որ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը սատարում է Ռուսաստանը, ինչը կտրուկ հակադիր է իրանական շահերին։ Թեհրանից տարբեր մակարդակներով հայտարարեցին, որ դեմ են տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխության, իսկ տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների տարածքային ամբողջականության շրջանակում։