«Ես գերմարդկային ջանքերի գնով եմ երրորդ դստերս լույս աշխարհ բերել։ Այժմ չորս երեխա ունեմ. երեքն աղջիկ են, չորրորդը՝ ամենակրտսերը, տղա է։ Ամուսինս ու նրա ընտանիքի անդամները չէին ուզում, որ նույնիսկ երկրորդ դուստրս ծնվեր, իսկ երրորդին կտրականապես դեմ էին։ Ինձ համոզում, ստիպում էին հղիության արհեստական ընդհատում անել։ Վիրավորանքներ, դժվարին օրեր, բաժանվելու սպառնալիքներ․․․ ինչեր ասես՝ չտեսա, մինչեւ երրորդ աղջիկս ծնվեց։ Ասացի, որ ոչ մի դեպքում չեմ հրաժարվի իմ երեխայից, նա ծնվելու է։ Եվ նա ծնվեց»,- պատմում է Գեղարքունիքի մարզի բնակչուհի Աննան (անունը փոխված է)։
Անշուշտ, բազմաթիվ կանայք են հղիության արհեստական ընդհատման դիմել, շատերը՝ պղտի սեռով պայմանավորված։ Այդ երեխաները չեն ծնվել, որովհետեւ աղջիկ են եղել։ Որոշեցինք հե՛նց Աննայի պատմությունը ներկայացնել, որը, ոչ մի սպառնալիքի ու ճնշման տեղի չտալով, լույս աշխարհ է բերել իր երրորդ դստերը։ Աննայի պատմությունը կարող է օրինակ դառնալ շատերի համար։
«Ի վերջո, չէին կարողանա ինձ ստիպողաբար տանել հիվանդանոց ու ստիպել հղիության արհեստական ընդհատում անել։ Ես ինձ երբեք չէի ների, եթե գնայի այդ քայլին։ Աղջիկներն էլ լույս աշխարհ գալու իրավունք ունեն ճիշտ այնպես, ինչպես տղաները»,- ասում է Աննան։
Հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ օրենքը
«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի 10-րդ հոդվածը սահմանում է, որ մինչեւ 11 շաբաթ 7 օր հղիության ժամկետը հղիության արհեստական ընդհատումը կատարվում է կնոջ գրավոր դիմումի համաձայն: Բժշկական ցուցումների դեպքում ընդհատումը մինչեւ 11 շաբաթ 7 օր հղիության ժամկետը իրականացվում է կնոջ գրավոր համաձայնությամբ: 11 շաբաթ 7 օրից մինչեւ 22 շաբաթական հղիության ժամկետը կատարվում է բացառապես բժշկական (ներառյալ սեռի հետ կապված հիվանդության ժառանգման հավանականության դեպքում) ցուցումների առկայության դեպքում՝ կնոջ գրավոր համաձայնությամբ:
ՀՀ Կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի «Հղիության արհեստական ընդհատման կարգն ու պայմանները հաստատելու եւ ՀՀ Կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի N 1116-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 180-Ն որոշմամբ բժշկի կողմից բժշկական կամ սոցիալական ցուցումներով չնախատեսված որեւէ այլ դեպքում՝ ներառյալ սեռով պայմանավորված, 11 շաբաթ 7 օրից մինչեւ 22 շաբաթական ընդհատումն արգելվում է: ՀՀ առողջապահության նախարարի 2014 թվականի մայիսի 6-ի «Կանանց կոնսուլտացիայում կիրառվող առանձին փաստաթղթերի ձեւեր հաստատելու մասին» թիվ 16-Ն հրամանի հավելված 8-ով հաստատված հղիների գերձայնային հետազոտության արձանագրություններով պտղի սեռի վերաբերյալ նշում նախատեսված չէ․ բժիշկը պարտավոր է մինչեւ հղիության 6-րդ ամիսը ծնողներին չհայտնել երեխայի սեռը։ Այս կերպ պետությունը ջանում է հնարավորինս կանխարգելել սեռով պայմանավորված հղիության ընդհատումների դեպքերը։
ՀՀ «Քրեական օրենսգրքի» 174-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է, որ համապատասխան բժշկական բարձրագույն կրթություն ունեցող անձի կողմից հղիության ապօրինի արհեստական ընդհատում (աբորտ) կատարելը պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տեւողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Այն կանայք, որոնք ընտանիքի անդամների, ամուսնու հարկադրմամբ հղիության արհեստական ընդհատում են կատարում, պետք է իմանան իրենց իրավունքների մասին։ Ըստ Քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի՝ հղիության արհեստական ընդհատմանը (աբորտ կատարելուն) կամ ամլացմանը հարկադրելը եւս քրեորեն պատժելի է։
Պետությունը ջանքեր է գործադրում Հայաստանում հղիության արհեստական ընդհատման, այդ թվում՝ սեռով պայմանավորված, դեպքերը նվազեցնելու համար:
Առողջապահության նախարարության ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, ի պատասխան «Ալիք Մեդիա»-ի գրավոր հարցման, տեղեկացնում է՝ ՀՀ առողջապահության եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարների համատեղ հրամանով հաստատվել է «Պտղի սեռի խտրական ընտրության կանխարգելման 2020-2023 թվականների ծրագիրը եւ ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը», որի շրջանակում մշակվել եւ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության կանխարգելումը՝ բուժաշխատողների վերաբերմունքի փոփոխության եւ խորհրդատվական հմտությունների բարելավման միջոցով» ուսումնական ձեռնարկը, որը դասավանդվել է Երեւանում եւ Հայաստանի 4 մարզում:
2024 թվականին նույնպես, որպես նախորդ տարիներին պտղի սեռի խտրական ընտրության կանխարգելման մեծածավալ աշխատանքների շարունակություն, իրականացվում են հանրային իրազեկման աշխատանքներ:
«Աղջիկ-տղա նորածինների համամասնությունը պետք է կազմի 100/104-106։ Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման դեպքերի վիճակագրություն առկա չէ: Դրա մասին անուղղակի կերպով կարող է խոսել աղջիկ/տղա նորածինների համամասնության փոփոխությունը»,- նշում է Ալեքսանդր Բազարչյանը։
Վիճակագրական տվյալները տրամադրել է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Վերջին տարիներին ավելի շատ տղաներ են ծնվում, քան աղջիկներ։ Օրինակ՝ 2023 թվականին ծնվել է 17 370 աղջիկ եւ 19 220 տղա․ նկատելիորեն խախտվել է ծնվող տղաների եւ աղջիկների թվային հարաբերակցությունը։
Հղիության արհեստական ընդհատման հետեւանքով կարող են առաջանալ բարդություններ կամ առողջության որոշակի խնդիրներ՝ կարճատեւ ցավեր, վարակում, պտղային ձվիկի ոչ լիարժեք հեռացում, արգանդի վզիկի եւ արգանդի պատերի վնասվածքներ, դաշտանային ցիկլի եւ հորմոնային համակարգի խանգարումներ:
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ 2020 թվականին ներկայացրած հրապարակման՝ Հայաստանը սեռով պայմանավորված ընտրության ցուցանիշով աշխարհում առաջին հորիզոնականում է, եւ դրա պատճառով ընտանիքներում, դասարաններում, համայնքներում աղջիկները քիչ են։ Սեռով պայմանավորված ընտրությունը աղջիկների հանդեպ բռնության ձեւ է։ 2018-ին 111 տղայի հաշվով 100 աղջիկ է ծնվել։ Հենց միայն 2018 թվականին մոտավորապես 424 աղջիկ չի ծնվել։ Յուրաքանչյուր տարի բազմաթիվ աղջիկներ չեն ծնվում միայն տղա երեխայի նախապատվության պատճառով։ Պետք է շեշտել, որ երբեմն էլ կանայք տնային պայմաններում են փորձում ազատվել երեխայից՝ որոշակի դեղամիջոցներ օգտագործելով։ Հետեւաբար հղիության ընդհատման պաշտոնական ցուցանիշերն ամբողջապես չեն արտացոլում վիճակագրությունը։ ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի նախաձեռնությամբ Բրաունի համալսարանի, Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցի եւ Լուիզիանայի համալսարանի համագործակցությամբ 2017-2019 թվականներին իրականացրած հետազոտությունը բացահայտել է Հայաստանում տղա երեխայի նախապատվության խորքային պատճառներն ու ազդեցությունը։ Հետազոտության արդյունքները փաստում են, որ երեք հիմնական գործոն կա, որոնք համատեղ ազդելով սաստկացնում են գենդերային անհավասարությունը, արդյունքում դառնալով աղջիկների չծնվելու պատճառ․ դրանք են ծնելիության անկումը, ուլտրաձայնային տեխնոլոգիաների զարգացումը եւ տղա երեխայի արժեւորման խորապես արմատավորված նորմերը։
Հայաստանում ընտանիքները հիմնականում երկու մեթոդ են կիրառում, որպեսզի հասնեն երեխաների սեռերի ցանկալի հարաբերության․ նրանք դիմում են կա՛մ ուլտրաձայնային նորագույն տեխնոլոգիաների օգնությանը՝ նախ պարզելու աղջիկ երեխաներին (հաճախ նաեւ հղիությունը ընդհատելու նպատակով), կա՛մ ավելի ավանդական մեթոդի օգնությանը եւ այնքան երեխաներ են ունենում, մինչեւ տղա ծնվի։ Հետազոտությունը բացահայտել է, որ այն ընտանիքները, որոնց առաջին կամ երկրորդ երեխան տղա է, 50 տոկոսով պակաս հավանական է, որ երկուսից ավելի երեխա ունենան։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։