Այդ օրն ինձ հայտնի դարձավ (տեղեկատվության աղբյուրը բարձրաստիճան պաշտոնյա էր, որի հետ Ազգային ժողովում համատեղ աշխատանքի տարիներից բավական վստահելի հարաբերություններ ունեինք), որ Անվտանգության խորհրդի նիստում Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ասել է, որ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական վիլայեթի ղեկավարի ամենահարմար թեկնածուն Աթանեսյան Վահրամն է»:
Մինչ այդ, կապված «Օկուպացված տարածքների մասին» օրենքի հետ, հանդիպումներ էի ունեցել նախագահ Արայիկ Հարությունյանի, նրա գլխավոր խորհրդական Ռուդիկ Հյուսնունցի, Ազգային ժողովի մի քանի պատգամավորների, խորհրդարանական քաղաքական որոշ ուժերի ղեկավարների կամ նրանց ներկայացուցիչների հետ եւ փորձել տարհամոզել, որ այդ դեմարշը պատճառ, ավելի ճիշտ՝ առիթ է դառնալու, որ Ադրբեջանը դիմի ահաբեկչական քայլերի:
Այդ հանդիպումների ընթացքում, ինչպես նաեւ տեղական հեռուստատեսությանը տված մի քանի հարցազրույցներում, այն միտքն էի զարգացրել, որ արտաքին որեւէ ուժ, այդ թվում՝ Ռուսաստանը, ԼՂ-ի հարցում Բաքվի նկատմամբ առարկայական ճնշում գործադրելու ո՛չ հնարավորություն, ո՛չ հատկապես ցանկություն չունի: Մեզ մնում է Ադրբեջանի իշխանությունների հետ ուղղակի երկխոսությամբ ճշտել անվտանգության երաշխիքների, քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների սահմանները, ձեռք բերված պայմանավորվածությունները փաստաթղթավորել եւ քայլ առ քայլ գնալ իրավիճակի ապառազմականացման:
Ըստ երեւույթին՝ այդ տեսակետը Ստեփանակերտի քաղաքական էլիտան քննարկել եւ տողերիս հեղինակին հռչակել էր «Իլհամ Ալիեւի գործակալ»: Այդ վերագրումը կենցաղային առումով կարելի էր տանել, բայց որ Անվտանգության խորհրդի նիստում պետության երկրորդ պաշտոնյան նման հայտարարություն է անում, դա արդեն նման է դատավճռի:
Դիմեցի Արայիկ Հարությունյանին: Սկզբում փորձեց հերքել, հետո՝ կատակի տալ, իբր՝ «Թովմասյանին չգիտե՞ս»: Ստիպված էի բացատրել, որ եթե Թովմասյանը նման բան ասեր ԱԺ նախագահի իր առանձնասենյակում կամ մի գավաթ սուրճի սեղանի շուրջ, ուշադրություն չէի դարձնի, ինչպես մինչ այդ եմ անտեսել իմ հասցեին նրա «գրասենյակում» պտտվող խոսակցությունները:
Խոստացավ, որ Թովմասյանի հետ կխոսի, երեքով կհանդիպենք, եւ «միջադեպը կհարթվի»: Անցավ մի քանի օր, շաբաթ, ամիս՝ լռություն: Պարզ էր, որ Արթուր Թովմասյանը նախագահի հորդորն անտեսել է, ինձ հետ դեմ առ դեմ շփվելու ցանկություն չունի: Գրավոր դիմեցի Ազգային անվտանգության ծառայությանը եւ խնդրեցի, որ, հիմք ընդունելով Անվտանգության խորհրդի նիստում ԱԺ նախագահի հայտարարությունը, իմ դեմ քրեական գործ հարուցվի՝ Ադրբեջանի հատուկ ծառայությունների եւ նրանց միջոցով նախագահ Իլհամ Ալիեւի աշխատակազմի հետ գաղտնի կապեր ունենալու կասկածանքով: Դիմումս, ինչպես ասում են, «ընթացքավորվեց»: Մի երիտասարդ քննիչ բացատրություն վերցրեց, առաջադրեց լրացուցիչ հարցեր: Բաժանվեցինք բարեկամաբար: Նա խոստացավ, որ բացատրություն կվերցնի ե՛ւ Թովմասյանից, ե՛ւ ԱԽ մյուս անդամներից, նիստին ներկա այլ անձանցից եւ կնախապատրաստի նյութեր:
Մոտ տասը օր անց ստացա գրավոր պատասխան, որտեղ ասված էր, որ «նախապատրաստված նյութերի ուսումնասիրությունից պարզվում է, որ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու հիմքեր չկան»: Ինձ էլ խորհուրդ էին տվել պատվի եւ արժանապատվության հայցով դիմել Ստեփանակերտի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին: Հանդիպեցի ԱԱԾ տնօրենի հետ, բացատրեցի, որ ես խնդրել եմ ոչ թե ԱԺ նախագահ Թովմասյանի, այլ իմ դեմ քրեական գործ հարուցել, հետաքննել եւ պարզել՝ արդյոք կապ ունեմ Ադրբեջանի հատուկ ծառայությունների, Ալիեւի աշխատակազմի հետ: Ոչ մի առարկություն չընդունեց, համարեց, որ գործը փակված է: Թովմասյանը բացատրություն է տվել, որ ֆեյսբուքյան մի գրառումով իրեն եւ ԱԺ պատգամավորներին վիրավորել եմ՝ ասելով «ձյուն գա ձեր բաց քամակներին», ինքն էլ պատասխանել է այդ ձեւով:
Ո՞վ կհավատա, որ Անվտանգության խորհրդի նիստում Ազգային ժողովի նախագահը ֆեյսբուքյան գրառման պատասխան է տալիս, երբ ասում է, որ «ԼՂ ադրբեջանական վիլայեթի ղեկավարի ամենահարմար թեկնածուն Աթանեսյան Վահրամն է»: Ե՛վ այն ժամանակ, ե՛ւ այսօր առավել քան համոզված եմ, որ այդ օրը՝ 2022 թվականի ապրիլի 8-ին, ԼՂՀ ԱԽ-ն քննարկել է ինչ-որ կարգավիճակով Ադրբեջանի կազմում ինտեգրվելու հարցը: Իսկ թե ինչու որոշում չեն կայացրել կամ ինչու են մերժել, այլ հարց է:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։