Բերիայի Հայոց Թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Մակար Աշգարյանը երեկ՝ դեկտեմբերի 18-ին, մասնակցել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնաց Գեյր Պեդերսենի եւ երկրի քրիստոնյա պատրիարքների, համայնքապետների եւ պապական դեսպանի հետ հանդիպմանը։ Այդ մասին ասվում է Բերիայի Հայոց Թեմի առաջնորդարանի հայտարարության մեջ։
Հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են Սիրիայի ընդհանուր իրավիճակը, ապագային առնչվող որոշումներն ու հետագա աշխատանքը։
Հաղորդվում է, որ Պեդերսենը ներկայացրել է Սիրիայի նոր իշխանության ներկայացուցիչների հետ իր հանդիպումները եւ հորդորել համբերատար լինել, քանի որ երկրում տեղի ունեցող փոփոխությունները ավարտին հասնելու համար ժամանակ են պահանջում։
Քրիստոնյա համայնքապետներն ու պատրիարքներն էլ իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցելու սիրիական հայրենիքին։
«Սրբազան Հայրը շնորհաւորեց եւ շնորհակալութիւն յայտնեց Պետրսընին իր կատարած պատասխանատու աշխատանքին համար եւ Վեհափառ Հայրապետին ողջոյնները փոխանցեց անոր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի բանագնացը հանդիպել էր նաեւ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման եւ Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ ալ-Շարաայի (Աբու Մուհամմեդ ալ-Ջուլանիի) հետ։