Եվրոպական երկրները քննարկում են Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հրադադարի հաստատման դեպքում Ուկրաինա զորքեր ուղարկելու հավանականությունը։ Reuters-ի աղբյուրների ու վերլուծաբանների գնահատմամբ՝ եվրոպական կոնտինգենտի չափը կարող է կազմել 40-ից մինչեւ 100 հազար զինվորական, իսկ ուժերի հիմնական մասը հավանաբար կկազմեն Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի եւ Մեծ Բրիտանիայի ռազմական անձնակազմերը:
Reuters-ի փոխանցմամբ՝ չնայած Ուկրաինա եվրոպական կոնտինգենտ ուղարկելու շուրջ բանակցությունները վաղ փուլում են, սակայն արդեն երկրների միջեւ որոշակի տարաձայնություններ կան, որոնք վերաբերում են անգամ այս հարցի ներկա ժամանակահատվածում քննարկելու նպատակահարմարությանը։
Ըստ գործակալության՝ եվրոպացի առաջնորդները ցանկանում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մեջ այնպիսի տպավորություն չձեւավորվի, թե եկել է բանակցությունների ժամանակը, եւ այդպիսով նա կարող է պահպանել մարտի դաշտում ունեցած դիրքերը։ Միեւնույն ժամանակ կուլիսներում որոշ պաշտոնյաներ քննարկում են նաեւ հնարավոր այն երաշխիքները, որոնք ԵՄ-ն կարող է տրամադրել Ուկրաինային:
Reuters-ի ուկրաինական աղբյուրներից մեկը նշում է, որ եվրոպական «զսպիչ ուժը» կարող է լինել հինգից ութ երկրներից բաղկացած կոալիցիան։ Գործակալության հետ զրուցած որոշ վերլուծաբաններ կարծում են, որ եվրոպական կոնտինգենտի չափը կարող է կազմել մոտ 40 հազար զինվորական։
Ավստրիացի նախկին պաշտպանական պլանավորող Ֆրանց-Ստեֆան Գադին, որն աշխատում է Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտում, գնահատում է, որ ռոտացիան, որը կներառի տեղակայման նախապատրաստվող ստորաբաժանումները, կարող է ներգրավել մոտ 100,000 զինվորի: Այս գնահատականին համաձայն է եվրոպական անվտանգության ոլորտի սպաներից մեկը, որը գործակալության հետ զրուցել է անանուն մնալու պայմանով:
Նույն՝ 100 հազար զինվորականների ուղարկման հավանականության մասին ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ) հայտնել էր նոյեմբերի վերջին։ Կառույցը պնդում էր, որ, ըստ ստացված տեղեկությունների, արեւմտյան երկրները գնալով ավելի են հակված պատերազմը «սառեցնելու» անհրաժեշտության տեսակետին եւ կարող են այնտեղ ուղարկել մինչեւ 100 հազար խաղաղապահի։
Եվրոպական ուժերի ներկայությունը կմեծացնի Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման վտանգը, նշում է Reuters-ը։ Հարց է նաեւ, թե արդյոք Ուկրաինա ուղարկվող ուժերը պետք է լինեն ՄԱԿ-ի հովանու ներքո. պաշտոնյաները կարծում են, որ դա չափազանց մեծ ազդեցության լծակներ կտա Ռուսաստանին:
Ուկրաինայում եվրոպական կոնտինգենտի տեղակայման շուրջ քննարկումները, որպես հրադադարի հնարավոր համաձայնագրի երաշխիք, ակտիվացան դեկտեմբերի 7-ին Փարիզում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումից հետո։ Ըստ Reuters-ի աղբյուրների՝ Թրամփը բացառել է ամերիկյան զորքերի մասնակցությունը Ուկրաինայում հրադադարի պահպանությանը եւ պնդել է, որ դա պետք է անեն եվրոպացիները։
Դեկտեմբերի 4-ին Բունդեսթագում ելույթի ժամանակ նման հայտարարություն արել էր նաեւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ նշելով, որ անհնար է Ուկրաինա գերմանացի զինվորներ ուղարկելը։ Մեկնաբանելով Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բարբոքի այն խոսքերը, որ գերմանական կողմը կաջակցի «այն ամենին, ինչը ծառայում է ապագայի խաղաղությանը»՝ Շոլցը նշել է, որ նա «պարզապես փորձել է չասել ո՛չ այո, ո՛չ ոչ», իսկ ստեղծված իրավիճակում, իր կարծիքով, Ուկրաինա զորք ուղարկելու մասին խոսք լինել չի կարող։