Քիթ Քելլոգը, որին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը առաջադրել էր Ուկրաինայի եւ Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնացի պաշտոնում, հայտարարել է, որ Մոսկվայում գեներալ Իգոր Կիրիլովի սպանությունը «լավ գաղափար չէր»։ Այդ մասին նա ասել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։
«Չեմ կարծում, որ դա իսկապես ձախողում է, բայց ես կասեի, որ կան պատերազմի կանոններ, եւ կան որոշ բաներ, որոնք դուք պարզապես չեք անում: Օրինակ՝ մարտի դաշտում վիրավոր զինվորներին չեք սպանում։ Դուք չպետք է սպանեք ոչ կոմբատանտներին: Երբ սպանում եք կարեւոր գեներալներին իրենց հայրենի քաղաքում, դուք մի տեսակ ընդլայնում եք [կանոնները], եւ ես չեմ կարծում, որ դա խելացի քայլ էր»,- ասել է Քելլոգը՝ հավելելով, որ չի կարծում, որ «դա լավ գաղափար էր»։
Քելլոգը նաեւ կարծիք է հայտնել, որ թե՛ Ռուսաստանը եւ թե՛ Ուկրաինան պատրաստ են բանակցության, իսկ Դոնալդ Թրամփը այն անձն է, ով ունակ է միջնորդելու այս հարցում։
«Ես կարծում եմ, որ նա տեսլական ունի, թե ինչպես պետք է անել դա: Նա էներգիա ունի դա անելու համար: Կարծում եմ, որ նա իրականում պատրաստ է ի վերջո միավորելու երկու կողմերին եւ խոսելու»,- ասել է Քելլոգը:
Նախօրեին Reuters-ը, հղում կատարելով աղբյուրներին, հայտնել էր, որ Քելլոգը ծրագրում է 2025 թվականի հունվարի սկզբին այցելել Կիեւ։ Fox News-ին տված հարցազրույցում Քելլոգը հաստատել է այդ տեղեկությունները, սակայն ասել է, որ դեռ մանրամասներ չի կարող հայտնել: Նա միայն նշել է, որ այդ ուղեւորությունը ցույց է տալիս ուկրաինական հակամարտությունը արագ դադարեցնելու ԱՄՆ նոր վարչակազմի հանձնառությունը։
Reuters-ի զրուցակիցների խոսքով՝ Քելլոգն այս ուղեւորության ընթացքում մտադիր չի եղել այցելելու Մոսկվա։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կրեմլը կապ չի ունեցել Քելլոգի հետ։
Հիշեցնենք՝ գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը զոհվել էր իր օգնական Իլյա Պոլիկարպովի հետ դեկտեմբերի 17-ի առավոտյան Մոսկվայի Ռյազանսկի պողոտայի տներից մեկի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով։ Հետաքննության տվյալներով՝ ինքնաշեն պայթուցիկ սարքը ամրացված է եղել տան մուտքի մոտ կանգնած էլեկտրական ինքնագլորին։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ահաբեկչության, սպանության եւ զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով։
Դեկտեմբերի 18-ի առավոտյան անվտանգության ուժերը հայտնել են սպանության մեջ կասկածվողի` 1995 թվականին ծնված Ուզբեկստանի քաղաքացու ձերբակալության մասին։ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը ավելի ուշ հրապարակեց ձերբակալվածի հարցաքննության տեսանյութը։ Դրանում նա ասում է, որ հանցագործությունը կատարել է ուկրաինական հատուկ ծառայությունների ցուցումով, որոնք իրեն խոստացել են 100 հազար դոլար եւ եվրոպական անձնագիր։
Մամուլի ասուլիսի ժամանակ Պեսկովը նույնպես հայտարարել է, որ սպանության պատվիրատուն Ուկրաինայի իշխանություններն էին։
Ուկրաինական լրատվամիջոցները, հղում կատարելով երկրի հատուկ ծառայությունների աղբյուրին, հայտնել են, որ Կիրիլովի սպանությունը իսկապես ծրագրել եւ իրականացրել է ուկրաինական կողմը։