Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ծավալուն հարցազրույց է տվել Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերությանը եւ ՌԻԱ «Նովոստի»-ին։ Հարցազրույցը հայկական մեդիա տիրույթում արդեն իսկ բավականին մեծ ուշադրության է արժանացել՝ հիմնականում քննարկման առարկա դարձնելով Ալիեւի հայտարարությունները Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերի, ինչպես նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական եւ ռազմական գործընկերների վերաբերյալ։
Այս հոդվածում առանձնացվել են այն հիմնական հատվածները, որոնք իրենց մեջ պարունակում են մանիպուլյատիվ թեզեր Հայաստան-Արեւմուտք հարաբերությունների եւ տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ։ Ստորեւ առանձնացված հատվածներում կարելի է նկատել, որ Հայաստանին տրվող արեւմտյան քաղաքական եւ ռազմական օժանդակությանը վերաբերող թեզերը մեկտեղվել են արեւմտյան երկրների կողմից ժողովրդավարական գործընթացներին տրվող աջակցության շուրջ հյուսվող տարբեր մանիպուլյատիվ թեզերի հետ։
ԵՄ դիտորդական առաքելությունը՝ որպես ռազմական սպառնալիք
Ադրբեջանի նախագահը շարունակում է անողոք պայքար մղել ԵՄ դիտորդական առաքելության դեմ՝ վարկաբեկելով վերջինիս գործունեությունը եւ վերագրելով որոշ գործառույթներ եւ քայլեր, որոնք առաքելությունը չունի եւ չի ձեռնարկել։ Այս առումով պետք է նշել, որ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու կետերից մեկը հենց վերաբերում է երկու երկրների սահմաններին օտարերկրյա ներկայության բացառմանը։ Հարցազրույցի ընթացքում Ալիեւը, մասնավորապես, շրջանառության մեջ է փորձում դնել մի նոր թեզ, համաձայն որի՝ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման արդյունքում ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքներ են տեղակայվել Ադրբեջանի հետ սահմանին։ Չնայած այս բավականին լուրջ մեղադրանքին՝ նա չի ներկայացնում որեւէ փաստ՝ միեւնույն ժամանակ նշելով, որ դա նաեւ հիմնավորվում է վերջերս առաքելությանը Կանադայի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս համատեքստում, իհարկե, հետաքրքրական է մեկ ամիս առաջ New York Times-ում հրապարակված մի հոդված, որում փաստացի ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն ու ՀՀ-ում Իրանի դեսպանը նշում էին, որ առաքելությունից դժգոհ են միայն Ռուսաստանն ու Ադրբեջանը։ Նշենք նաեւ, որ նման խոսույթ նաեւ գեներացվում է հենց Ռուսաստանում, որի հրապարակային դրսեւորումները մենք բազմաթիվ անգամներ լսել ենք ԱԳՆ մամուլի խոսնակ Զախարովայի շուրթերից։
Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը ՀՀ-ին մահաբեր զենք են վաճառում «ապառիկ» հիմունքներով
Ալիեւը անհանգստացած է, որ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը մահաբեր զենք են վաճառում Հայաստանին՝ նրան մղելով սպառազինությունների մրցավազքի մեջ։ Հետաքրքրական է նաեւ, որ Ալիեւը պնդում է, որ Հայաստանը ռազմական մատակարարումներ է ստանում նաեւ ապառիկ հիմունքներով։ Այս առումով, իհարկե, պետք է նշել, որ վերջին պնդումը ամբողջովին մանիպուլյատիվ է այն առումով, որ Հայաստանը կանոնավոր կերպով պայմանագրեր է կնքում բոլոր ռազմական արտադրանք մատակարարողների հետ եւ կատարում համապատասխան վճարումներ, եւ չկա որեւէ փաստ, որ այն տրամադրվում է ապառիկ կերպով։ Այս առումով նաեւ չկան փաստեր ԱՄՆ-ից Հայաստան ռազմական մատակարարումների մասին, որոնք իրենց բնույթով մահաբեր են։ Թե ինչու է Ալիեւը անհանգստացած, որ Հայաստանը հենց Արեւմտյան երկրներից է օգտվում սեփական ռազմական կարիքները հոգալու համար, կարծում եմ, բազմաթիվ պատճառներ կարելի է փնտրել։
Ֆրանսիական կոլոնիալիզմը
Չսահմանափակվելով հայ-ֆրանսիական ռազմաքաղաքական հարաբերությունների մասին թեզերով՝ Ադրբեջանի նախագահը նաեւ հերթական անգամ խոսում էր ֆրանսիական կոլոնիալիզմի անարդար բնույթից։ Ընդհանրապես, Ադրբեջանի եւ Ֆրանսիայի հարաբերությունները շատ ծանր փուլում են, եւ այդ համատեքստում Ադրբեջանը փորձում է համագործակցել ֆրանսիական նախկին գաղութ համարվող եւ ներկայում Ֆրանսիայի կազմում գտնվող շրջանների ներկայացուցիչների հետ։ Ալիեւը հարցազրույցում, հատկապես, նշում էր, որ ֆրանսիական նախկին գաղութները ապրում են եւ ապրել են աղքատության մեջ, եւ Ֆրանսիան այն օգտագործել է միայն բնական ռեսուրսներ շահագործելու տեսանկյունից։ Հարաբերությունների այս դինամիկան դրսեւորվում է հենց հայ-ֆրանսիական հարաբերություններում առկա հաջողություններով։ Բավարար է միայն նշել, որ Ադրբեջանի եւ Ֆրանսիայի հարաբերությունները թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական իմաստով միշտ էլ գտնվել են բավարար, ինչու ոչ, նաեւ բարձր մակարդակի վրա։ Մասնավորապես, ֆրանսիական մի քանի տասնյակ կազմակերպություններ են գործունեություն ծավալել Ադրբեջանում։ Սակայն Ֆրանսիայի կողմից ռազմական մատակարարումներից հետո Ադրբեջանը փորձում է հայելային քաղաքականություն վարել՝ բարձրաձայնելով ֆրանսիական նախկին գաղութներում առկա «անարդարությունները»։
Սորոսն ու ազգային շահերը
Ադրբեջանի նախագահը իր հարցազրույցում նույնիսկ հիշատակեց Վաշինգտոնի «սորոսականներին»՝ նկատի ունենալով այն ոչ կառավարական կազմակերպություններին, որոնք ֆինանսավորում են ԶԼՄ-ներին ու հասարակական տարբեր կազմակերպությունների։ Հարցազրույցում նա, նույնիսկ, մեկ անգամ մեջբերեց ԱՄՆ նախագահ Թրամփին՝ օգտագործելով նրա կողմից արված մի հայտարարություն, որտեղ քննադատվում էին մի շարք հեղինակավոր ԶԼՄ-ներ՝ նրանց անվանելով «ֆեյք նյուզ»։ Նշենք, որ դեռեւս նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում Ալիեւը մի քանի անգամ անուղղակի կերպով աջակցել է Թրամփին՝ նշելով, որ նա ավանդական արժեքների կրող է եւ աշխարհի տարբեր հատվածներում ընթացող պատերազմների դեմ արդյունավետ պայքար կմղի։
Ալիեւը նաեւ անդրադարձել է ԱՄՆ ՄԶԳ (USAID)-ի գործունեությանը։ Նա մասնավորապես նշել է, որ նման կազմակերպությունները աշխարհի շատ երկրներում, որտեղ պետք է միջազգային օգնություն տրամադրելու տեսանկյունից, չեն օգնում, միեւնույն ժամանակ իրենց օգնությունը օգտագործում են միայն ԱՄՆ արտաքին քաղաքական շահերին ծառայեցնելու եւ տարբեր երկրների ներքին գործերին միջամտելու նպատակով։
Ըստ էության, Ալիեւը այս հարցազրույցում ռուսական լրատվամիջոցի միջոցով փորձել է համապատասխանեցնել իր խոսույթը ՌԴ արտաքին քաղաքական հարցերի շրջանակներում հաճախ օգտագործվող նարրատիվների հետ։ Նման պահվածքը նաեւ կարելի է բացատրել ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի ընտրվելու հանգամանքով, որը նույնպես շատ հարցերում հայտնում է նման մտայնություններ։
Ամփոփելով կարող ենք ասել, որ հարցազրույցի ընթացքում հնչած նման կոշտ շեշտադրումներն ու թեզերը բավականին տարածված են նաեւ ռուս պաշտոնյաների, ՌԴ-ի կողմից վերահսկվող ԶԼՄ-ների, փորձագիտական դաշտի խոսույթում։ Նման թեզերը հիմնականում արեւմտյան դերակատարումը եւ շահերը հակասության մեջ են դնում ազգային արժեքների եւ ինքնության հետ, ինչպես նաեւ այն ներկայացնում են որպես արեւմտյան երկրների կողմից այլ երկրների ներքին գործերին միջամտելու եւ ինքնիշխանության սահմանափակման միջոց։ Իհարկե, հայաստանյան մեդիա եւ փորձագիտական դաշտում որոշ շրջանակներ նույնպես տարածում են Ալիեւի հնչեցրած թեզերը վերոնշյալ հարցերի շուրջ, եւ այս առումով կարեւոր է անդրադառնալ դրանց ծագման աղբյուրներին ու իրական նպատակներին։
Յուրի Մովսեսյան