Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ եվրոպական երկրների ղեկավարների հետ քննարկել է խաղաղապահ առաքելության տեղակայման հնարավորությունը։ European Pravda-ի փոխանցմամբ՝ այդ մասին Զելենսկին հայտարարել է Բրյուսելում եվրոպացի դաշնակիցների հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Այս փուլում խորհրդակցություններ են ընթանում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ, ասել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկու խոսքով՝ Մակրոնը «այդ հարցով շփվել է որոշ առաջնորդների հետ»։ Քննարկումը շարունակվում է, ասել է Ուկրաինայի նախագահը` հավելելով, որ կան դրական ազդակներ որոշ ղեկավարների կողմից։
Զելենսկին հրաժարվել է խաղաղապահ առաքելության հնարավոր ձեւաչափը մեկնաբանելուց՝ բացատրելով, որ դա «զգայուն հարց է»։ «Սա մանրամասների հարց է, եւ մենք քննարկում ենք այդ մանրամասները»,- ասել է նախագահը։
Դեկտեմբերի 18-ին Reuters-ին աղբյուրները հայտնել էին, որ եվրոպական երկրները քննարկում են Ուկրաինա խաղաղապահ զորակազմ ուղարկելու հնարավորությունը, որը կվերահսկի խաղաղության համաձայնագրի պայմանների պահպանումը, եթե այն կնքվի։ Գործակալության զրուցակիցների խոսքով՝ Ուկրաինա կարող են ուղարկվել Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի եւ Մեծ Բրիտանիայի բանակային ստորաբաժանումներ։ Միաժամանակ Reuters-ի աղբյուրները նշել են, որ որոշ եվրոպացի առաջնորդներ կարծում են, որ այդ հարցը ներկա պայմաններում քննարկելու ժամանակը չէ։
Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հնարավորությունը սկսել է ավելի ակտիվ քննարկվել դեկտեմբերի 7-ին Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո։