Նյու Յորքում տեղակայված Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները ճանաչել է որպես ցեղասպանություն եւ երկրներին կոչ արել միջոցներ ձեռնարկել հրեական պետության իշխանությունների դեմ՝ մարդասիրական իրավիճակի վատթարացումը կանխելու համար։
«Իսրայելի իշխանությունները միտումնավոր այնպիսի կենսապայմաններ են ստեղծել, որոնք կոչված են եղել Գազայի հատվածի բնակչության մի մասը ոչնչացնելուն։ Պաղեստինցի խաղաղ բնակիչներին դիտավորյալ զրկել են ջրի բավարար հասանելիությունից, ինչը, հավանաբար, հազարավոր զոհերի է հանգեցրել: Իսրայելի իշխանությունները պատասխանատվություն են կրում մարդկության դեմ իրականացրած հանցագործությունների համար, որոնք դրսեւորվել են բնաջնջման եւ ցեղասպանության գործողությունների տեսքով»,- ասվում է զեկույցում։
Նշվում է, որ պետությունները եւ միջազգային կազմակերպությունները «պետք է միջոցներ ձեռնարկեն Գազայի հատվածում ցեղասպանությունը կանխելու համար, ներառյալ դադարեցնեն [Իսրայելին տրամադրվող] ռազմական օգնությունը, վերանայեն [Իսրայելի հետ] երկկողմ համաձայնագրերն ու դիվանագիտական հարաբերությունները եւ աջակցեն Միջազգային քրեական դատարանին»՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։
«Հարյուր հազարավոր մարդիկ նաեւ վարակվել են […] հիվանդություններով, այդ թվում՝ լուծ, հեպատիտ A, մաշկային հիվանդություններ եւ վերին շնչուղիների վարակներ։ Ջրի պակասը հատկապես վնասակար է նորածինների, հղիների եւ կրծքով կերակրող կանանց եւ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար»,- ասվում է իրավապաշտպան կառույցի զեկույցում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը, 2023 թվականի հոկտեմբերին ռազմական գործողության սկզբից ի վեր անկլավում իսրայելական բանակի գործողությունների հետեւանքով զոհվել է գրեթե 45,1 հազար պաղեստինցի, վիրավորվել՝ ավելի քան 107,2 հազարը։