Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի կարող հստակ ժամանակահատված նշել, թե հստակ երբ կազատագրվեն Կուրսկի մարզի այն հատվածները, որոնք դեռ օգոստոսի սկզբից անցել են ուկրաինական բանակի վերահսկողության տակ։
Պատասխանելով Կուրսկի բնակչուհու համապատասխան հարցին՝ Ռուսաստանի նախագահն ասել է․ «Ես հիմա չեմ կարող եւ չեմ ուզում կոնկրետ ամսաթիվ նշել, թե նրանք [ուկրաինացի զինվորականները] երբ դուրս կմղվեն: Տղաները կռվում են։ Հենց հիմա մարտեր են ընթանում»։
Պուտինը խոստացել է, որ ռուսական բանակը անպայման Ուկրաինայի ԶՈՒ-ին դուրս կմղի Կուրսկի մարզից՝ ընդգծելով, որ կոնկրետ ժամանակահատված նշելը սխալ է։
«Ասել, որ «ահա հենց այս ժամանակահատվածում», այդպես չի լինի, քանի որ տղաներն ինձ լսում են։ Մեկ-երկու օրից ես այդպիսի ամսաթիվ կնշեմ, եւ նրանք կգնան հենց այդ ամսաթվին, ինչ էլ որ դա արժենա, նրանք հաշվի չեն առնի կորուստները: Մենք չենք կարող այդպես վարվել [հստակ ամսաթիվ նշել]»,- հայտարարել է Պուտինը։
ՌԴ նախագահը նաեւ հավելել է, որ Կուրսկի մարզի օկուպացված շրջանների հետգրավումից հետո միայն հնարավոր կլինի գնահատել ունեցած վնասը։
Հիշեցնենք, որ ուկրաինական բանակը Ռուսաստանի Կուրսկի մարզում գործողությունները սկսել էր օգոստոսի 6-ին՝ կարճ ժամանակահատվածում վերահսկողության տակ վերցնելով մի շարք սահմանամերձ բանակավայրեր, այդ թվում՝ Սուջա շրջկենտրոնը, եւ ամրանալ պետական սահմանից մինչեւ 10-15 կիլոմետր խորության վրա։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կուրսկում իրականացվող հարձակումն անվանել էր «Ռուսաստանին խաղաղություն պարտադրելու ռազմավարության մաս»՝ ընդգծելով, որ Կիեւն իր առջեւ նպատակ չի դրել՝ բռնակցելու ռուսական տարածքները։