Կառավարության դեկտեմբերի 19-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Կառավարության որոշմամբ Դավիթ Առուշանյանը նշանակվել է Շիրակի մարզպետի պաշտոնում: Ավելի վաղ նա վայր էր դրել ԱԺ պատգամավորի մանդատը:
2018 թվականի հեղափոխությունից հետո Դավիթ Առուշանյանը Շիրակի 6-րդ մարզպետն է: Նրանից առաջ մարզը ղեկավարել են ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը, Տիգրան Պետրոսյանը, Հովհաննես Հարությունյանը, Նազելի Բաղդասարյանը, Մուշեղ Մուրադյանը:
Նորանշանակ մարզպետը շնորհակալություն է հայտնել վստահության համար, ասել, որ մեծ պատասխանատվություն եւ պատիվ է՝ ստանձնել հայրենի մարզի կառավարումը:
Վարչապետը ճգնաժամային է որակել այն իրավիճակը, որն առկա էր Գյումրիում: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Գյումրին գրեթե երկու ամիս առանց կառավարման էր մնացել: Հրաժարականի դիմումներ էին ներկայացրել քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, առաջին տեղակալը, ավագանու ամբողջ կազմը: Թե ինչու հեռացան, այդպես էլ չասացին, ավելին՝ խոստացել էին հայտարարությամբ հանդես գալ գնալու պատճառների վերաբերյալ, բայց այս վերջին խոստումը եւս չկատարեցին:
Մոտ օրերս վարչապետի որոշմամբ նախնական ընտրություն անցկացվեց, որի արդյունքում 6 ՔՊ-ական եւ 1 անկուսակցական թեկնածուներից հաղթեց վերջինը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Սարիկ Մինասյանը, որը նշանակումից անմիջապես հետո անդամագրվեց ՔՊ կուսակցությանը:
Նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանը փրայըրիզում ձայների քանակով երկրորդ տեղում էր:
Մինչ այդ շուրջ երկու տարի պաշտոնավարած Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ազատման դիմում գրեց: Թե ինչու Մուրադյանը որոշեց հրաժարվել մարզպետի պաշտոնից, ոչ ոք չիմացավ, անգամ վարչապետը ոչ մի ակնարկ չարեց դրա պատճառների մասին:
Որ Շիրակի մարզպետին պաշտոնանկություն էր սպասում, խոսակցություններն ավելի վաղ էին տարածվել, մի քանի օր առաջ էլ հաստատվել էր, երբ վարչապետը խիստ նկատողության էր արժանացրել Մուրադյանին՝ Վահրամաբերդ գյուղի դպրոցի դասարաններից մեկը վահրամաբերդցի զինվորականի անունով անվանակոչելու համար: Հասարակությանն այս պատճառաբանությունը համոզիչ չթվաց, բայց թեման այսքանով փակվեց:
Որքան ժամանակում կհաղթահարվի մարզի կառավարման ճգնաժամը՝ հայտնի չէ, միայն ակնհայտ է, որ Շիրակի մարզը ոչ մի կերպ չի զիջում ամենաաղքատ եւ ամենագործազուրկ մարզի «տիտղոսը»:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։