Հայկազ Սեդրակյանը Ալավերդու Սանահին կայարան թաղամասի՝ ջրհեղեղից տուժած տասնյակ քաղաքացիներից մեկն է: Աղետից վեցուկես ամիս է անցել, բայց 50-ամյա Հայկազն ու նրա հիվանդ մայրը դեռեւս վարձով են ապրում: Շենքը, որտեղ գտնվում է նրանց բնակարանը, Կառավարության որոշմամբ պետք է քանդեն եւ այնտեղ ապրող 16 ընտանիքներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրեն։
Նախկինում երկաթուղայինների հանրակացարանի 100 տարեկան շենքը 1988-ի երկրաշարժից հետո երրորդ կարգի վթարային է ճանաչվել, իսկ ջրհեղեղից շինության հիմքերը խարխլվել ու ավելի վտանգավոր են դարձել:
Մինչեւ նոր բնակարանի գնման հավաստագիր ստանալը Սեդրակյանները տեղավորվել են նեղ, ոչ այնքան հարմարավետ մեկսենյականոց բնակարանում, որի համար ամեն ամիս պետությունը 40 հազար դրամ է վճարում: Գումարը փոխանցվում է Հայկազին (սեփականատերը բանկի հետ կապված խնդիրներ ունի), նա էլ վճարում է բնակարանի տիրոջը: Բայց, ասում է, փոխանցումը գրեթե միշտ ուշանում է, ինքն էլ ստիպված է լինում պարտք անել՝ վարձը ժամանակին վճարելու նպատակով:
Աղետի հետեւանքով տունն ու ամբողջ ունեցվածքը կորցրած Սեդրակյանները տարհանվելուց անմիջապես հետո հյուրանոց են տեղափոխվել, մեկ ամիս անց էլ՝ վարձով բնակարան, որտեղ մայր ու որդի փորձել են հարմարվել, նոր կյանք սկսել: Բայց կարճ ժամանակ անց պարզվել է, որ ջրհեղեղի հետեւանքով ոչ միայն ունեցվածքից, այլեւ սոցիալական նպաստի գումարից են զրկվել:
«Հուլիսին քարտը մտցրի՝ գումար չկար։ Գնացի սոցապ, հարցնում են՝ հյուրանոցում եղած ժամանակ ստացե՞լ ես էդ գումարը, պատասխանեցի՝ այո՛։ Հետո ասին՝ գնա, մի բան կանենք, տասը օրից կգաս: Նորից գնացի, ասում են՝ գիտե՞ս, որ մենակ դուք չեք, էլի ընտանիքներ կան, որ չեն ստացել։ Էդ հասցեում չեք ապրում, էդ պատճառով էլ չեք ստանում»,- սրտնեղելով պատմում է Հայկազը:
Արդեն հինգ ամիս ընտանիքը սոցիալական նպաստի 20 հազար դրամը չի ստացել: Առօրյա ծախսերը հոգում են Հայկազի մոր՝ տիկին Շուշանիկի 38 500 դրամ կենսաթոշակով: Մասնագիտությամբ խոհարար 50-ամյա Հայկազը աշխատունակ է, տարիներ առաջ մորը խնամելու նպատակով է Ռուսաստանում թողել աշխատանքն ու վերադարձել։ Փորձել է Ալավերդիում գործ գտնել, բայց՝ ապարդյուն։ Հիմա էլ, ասում է, արդեն անհնարին է հիվանդ մորը տանը մենակ թողնել։
Հայկազին անհանգստացնողը, սակայն, ոչ թե իրենց կացության, այլ մոր դեղորայքի հարցն է, որն ամիսներ շարունակ չի կարողացել գնել:
Նախկինում 76-ամյա Շուշանիկ Սեդրակյանը դեղեր ընդունելուց բացի 3-4 ամիսը մեկ հետազոտվել է, որպեսզի ախտորոշված շողացող առիթմիան այլ բարդությունների չհանգեցնի:
«Դեղերը չկարողացա առնել, հասավ ինսուլտի»,- ասում է Հայկազը։
Գյումրու բժշկական կենտրոնում տիկին Շուշանիկի մոտ գլխուղեղի սուր իշեմիկ կաթված են ախտորոշել։ Բայց մինչեւ Գյումրի տեղափոխելը Ալավերդու բժշկական կենտրոնում նրան հետազոտել են, նաեւ համակարգչային տոմոգրաֆիա հետազոտությունն իրականացրել, ինչի համար Հայկազը ստիպված է եղել 50 հազար դրամ վճարել։
«Ասի, որ նպաստառու ենք, խնդրեցի սպասել, որ բուժող բժշկուհուն ասեմ, դա հաստատող տեղեկանք տա։ Ասին՝ հիմա պետք է մուծես, հաջորդ օրը հենց որ բժշկուհին թուղթը կտա, մենք էդ գումարը կտանք քեզ։ Ինձ մոտ 50 հազար կար, վերջին կոպեկները։ KT-ն (համակարգչային տոմոգրաֆիա – հեղ․) պիտի ուղարկեինք Լենինական, որ էնտեղից հաստատեն՝ մամայիս տանենք, թե չէ»,- մանրամասնում է Հայկազը։
Մորը Գյումրի անվճար են տեղափոխել՝ ռեանիմոբիլով, իսկ տոմոգրաֆիայի համար վճարած 50 հազարն այդպես էլ չեն վերադարձրել՝ պատճառաբանելով, որ «հիվանդին ընդունող բժիշկն այդ պահին հիվանդության պատմություն չի բացել»։ Դա արվել է Գյումրիում, որտեղ, ըստ Հայկազ Սեդրակյանի, սոցիալական ծառայության տրամադրած տեղեկանքի հիման վրա մեկշաբաթյա բուժման համար չեն վճարել։
Հիվանդանոցից դուրս գրվելուց մոտ երկու ամիս է անցել։ Շուշանիկ Սեդրակյանը հազիվ է քայլում․ ձախ ոտքն ու ձեռքը թուլացել են։ Որդու պնդմամբ՝ վերականգնողական բուժում պետք է անցնի. հետաքրքրվել են, պարզել, որ նվազագույնը 65 հազար դրամ կարժենա։ Գրեթե նույնքան գումար էլ ամեն ամիս մոր դեղորայքի համար են ծախսում։
Սեդրակյանները սոցիալական ծանր վիճակում են հայտնվել։ Պետության կողմից աղետի գոտու բնակիչներին միանվագ հատկացված 60 հազարական դրամները, որ կրկին ուշացումով՝ աղետից երեք ամիս անց են ստացել, տիկին Շուշանիկի բուժման (տոմոգրաֆիայի եւ այլնի) նպատակով են ծախսել։ Իսկ ամսական պարտադիր ծախսերը՝ սնունդ, դեղորայք, կոմունալ վճարներ, 38 500 դրամով չեն կարողանում վճարել։
Այս ընտանիքում միակ լուսավոր կետը պետության ու տարբեր կազմակերպությունների կողմից որպես աղետի գոտու բնակիչ ստացած օգնությունն է՝ շինանյութ, կենցաղային տեխնիկա, անկողնային պարագաներ, որոնք չգիտեն՝ որտեղ եւ երբ կօգտագործեն։
Հիմա մեկ այլ բնակարան են փնտրում, որ գինը մատչելի, տարածքն էլ ընդարձակ լինի։ Մոր ամենօրյա խնամքով զբաղվող Հայկազն ասում է՝ բժիշկը հորդորել է մորը մինչեւ վերականգնողական բուժում անցնելը տանը գոնե քայլել, շարժման մեջ լինել, որովհետեւ նստած վիճակում հիվանդի վերջույթներն անզգայանում են։
«Էս ամբողջ ողբերգությունը մենակ եմ հաղթահարել, էլ նյարդեր չեն մնացել։ Հա, ծախսեր կան՝ պետությունն է հոգում, անվճար են որոշ բաներ, բայց բժշկի գնալ-գալ, տաքսի վարձել, դեղեր, պամպերս, դա հո պետությո՞ւնը չի տալիս։ Նպաստը թոշակի նման պետության կողմից է տրվում, ո՞նց է՝ թոշակը ստանում ենք, թեկուզ ուրիշ տեղ ենք ապրում, նպաստը՝ ոչ»,- ասում է Հայկազը։
Միասնական սոցիալական ծառայության Թումանյանի տարածքային կենտրոնում պարզաբանում են՝ Սեդրակյանների ընտանիքը ընդգրկված է անապահովության նպաստի ծրագրում, հիվանդանոցի համար այդ հիմքով տեղեկանք են տրամադրել, իսկ սոցիալական նպաստի գումարը ոչ թե կտրված, այլ կասեցված է, որովհետեւ ընտանիքը իր հիմնական բնակության վայրում չի ապրում։
«Բնակության վայրը պարտադիր պայման է։ Նպաստառու ընտանիքները նաեւ օգտվում են կոմունալ զեղչերից։ Էս հասցեի վրա (Սեդրակյանների՝ ջրհեղեղից տուժած բնակարանի – հեղ․) դեռ զեղչը գործում է։ Հիմա ո՛ր հասցեում էլ նա հաշվառվի, զեղչը գործելու է։ Իրեն առաջարկվել է գնալ անձնագրային սեղան, փաստացի գրանցվել»,- ասում է ՄՍԾ Թումանյանի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի եւ զբաղվածության ծրագրերի բաժնի պետ Արմեն Բայադյանը։
Իսկ Հայկազ Սեդրակյանը հարցնում է՝ ինչպե՞ս հաշվառվի, եթե տանտերը համաձայն չէ եւ թույլ չի տալիս։ Թեեւ սոցիալական ծառայության Թումանյանի տարածքային կենտրոնում նրան առաջարկել են բանակցել սեփականատիրոջ հետ, ինքը հրաժարվել է։
«Մինչեւ պետությունը մեզ համար տուն առնի, կարող է՝ ես մի քանի անգամ տուն եմ փոխում։ Հինգ ամիս է՝ էստեղ ենք, քանի՞ անգամ են եկել, տեսել՝ որտեղ ենք ապրում, ինչ պայմաններում։ Կամ՝ եթե վարձով չապրեմ, այլ տնակում կամ վրանի մեջ լինեմ, պետք է ինձ ասեն՝ քո տանը չես ապրում, նպաստ չե՞նք տալիս։ Ասում է՝ ձեր գումարը կուտակվում է։ Ինձ պետք չէ, որ կուտակվի, ինձ պետք է, որ ստանամ ու կարողանամ իմ մորը ոտքի կանգնեցնել»։
Սեդրակյաններն ամեն օր գոյության պայքար են մղում։ Մինչ Հայկազն ամեն օր դռներ ծեծելով արդարություն է փնտրում, մոր՝ տիկին Շուշանիկի վիճակն օր օրի վատանում է։ Իսկ սոցիալական նպաստի գումարը կուտակվում է։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։