Հյուսիսային Կորեայի եւ Ռուսաստանի փոխգործակցությունը «շատ արդյունավետ» է Արեւմուտքի «չար ուժերի ընդլայնումը զսպելու համար»։ Այսպիսի հայտարարություն է արել Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը՝ մեկնաբանելով «Մեծ յոթնյակի» երկրների հայտարարությունը՝ կապված Մոսկվայի եւ Փհենյանի միջեւ ռազմական համագործակցության հզորացման հետ։
«Կորեա-Ռուսաստան հարաբերությունների հետ կապված թշնամական ուժերի հիստերիան ցույց է տալիս, որ անկախ ինքնիշխան պետությունների միջեւ ամրապնդված համագործակցությունը շատ արդյունավետ է ԱՄՆ-ի եւ արեւմտյան չար ուժերի ընդլայնումը զսպելու համար անհրաժեշտ ուժերի առաջնահերթությունների, գլոբալ խաղաղության եւ անվտանգության ապահովման համար»,- ասվում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության հաղորդագրության մեջ։
ԿԺԴՀ-ն նաեւ մեղադրել է ԱՄՆ-ին եւ արեւմտյան երկրներին ռուս-ուկրաինական պատերազմը երկարաձգելու եւ Եվրոպայում եւ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության իրավիճակը ապակայունացնելու համար։
ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի եւ Ուկրաինայի տվյալներով՝ հոկտեմբերին Ռուսաստան է տեղափոխվել 10-12 հազար հյուսիսկորեացի զինծառայող։ Նրանք ավելի ուշ ուղարկվել են Կուրսկի մարզ՝ Ուկրաինայի բանակի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար։
Associated Press-ի փոխանցմամբ՝ Կուրսկի մարզում սպանվել կամ վիրավորվել են մի քանի հարյուր հյուսիսկորեացի զինվորներ։ Reuters-ը, վկայակոչելով հարավկորեացի պաշտոնյային, հայտնում է, որ Կուրսկի մարզում առնվազն 100 հյուսիսկորեացի զինվոր է սպանվել, եւս մոտ 1000-ը վիրավորվել է։
Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հյուսիսային Կորեան պաշտոնապես չեն հայտարարել, որ հյուսիսկորեացի զինվորականները տեղափոխվել են ուկրաինական ռազմաճակատներ։ Ինչպես նշում է Reuters-ը, Ռուսաստանի Դաշնության հետ «արդյունավետ» համագործակցության մասին իր հայտարարության մեջ Հյուսիսային Կորեան նույնպես չի նշում իր զինվորականների կորուստների մասին։